Մատչելիության հղումներ

Սարիթաղցիները պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին


Քաղաքացիների բախումը ոստիկանների հետ Սարի թաղում, 19-ը հուլիսի, 2016թ․
Քաղաքացիների բախումը ոստիկանների հետ Սարի թաղում, 19-ը հուլիսի, 2016թ․

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից հետո ճաղերի հետևում գտնվող սարիթաղցիների հարազատներն այսօր հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են՝ ազատ արձակել իրենց հարազատներին՝ պնդելով՝ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին ոստիկանության կազմած անվտանգության արգելապատնեշի մեջ հայտնված Սարի թաղը զրկված էր կենցաղային տարրական պայմաններից և թաղի երիտասարդ տղաները հուլիսի 19-ին փողոց էին դուրս եկել և բախվել ոստիկանների հետ հենց այդ խնդիրների պատճառով:

«Հա, ոստիկաններին խփել են, որովհետև ոստիկանները հանել են ատրճանակները, հայհոյել են, մեծահասակ մարդուն ապտակել են», - պատմեց ձերբակալված սարիթաղցի Հարություն Թորոսյանի մայրը, - «Երիտասարդները աշխատել են ինչ-որ բանով իրենք էլ ինքնապաշտպանության դիմել»:

Այսօրվա ցույցի մասնակիցների հաշվարկներով, Սարի թաղից 10 քաղաքացի է ձերբակալված արդեն շուրջ 3 ամիս: Հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված այս քաղաքացիները մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մասնակցելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

Հարազատները դժգոհում են՝ քարով հարվածելու համար մինչև տասը տարվա ազատազրկումը անհամաչափ պատիժ է:

Ազատազրկված սարիթաղցիների հարազատները պատմեցին՝ նախնական կալանքի երկամսյա ժամկետը լրացել է, իսկ դատական նիստերն արհեստականորեն ձգձգվում են:

Շուրջ մեկ ժամ շարունակված բողոքի ակցիայից հետո նրանցից երկուսին թույլ տվեցին ներս մտնել ու հանդիպել գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի հետ: Հանդիպումից հետո ասացին՝ իրենց հարցերն էական պատասխան այդպես էլ չստացան:

«Ընդունեց մեզ, լսեց մեզ, գրեց մեր խնդիրների մասին, կհետևի դատական նիստերին: Մեզ պատասխան կտան՝ կոնտակտային համարներ վերցրեցին մեզանից», - պատմեցին նրանք, - «Էական պատասխան՝ չստացանք»:

Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին՝ տասն օրից ավելի է ինչ պատասխան չունեն նաև ԱԺ-ից ու կառավարությունից, թեպետ պնդեցին՝ ըստ պատշաճի ներկայացրել էին իրենց պահանջները: Բողոքի ակցիաները շարունակելու են մինչև ազատ արձակվեն իրենց հարազատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG