Մատչելիության հղումներ

Քրգործ՝ պայթյունի եղանակով «Վանաձոր» ՔԿՀ պետի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքով


Քնչական կոմիտեի շենքը Երևանում

Քնչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` պայթյունի եղանակով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Գևորգ Մկրտչյանի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ։

Կոմիտեն նշում է, որ հոկտեմբերի 9-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանից ահազանգել է ստացվել, որ իր առանձնատան առաջին հարկում պայթյունի ձայն է լսել:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով` առերևույթ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, նռնակի պայթուցիչի օղը քաշել և այն նետել է Գևորգ Մկրտչյանի` Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատան առաջին հարկում կայանված՝ վերջինիս ծառայողական ՎԱԶ 2121 մակնիշի 096 ՏՏ 032 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Պայթյունից վնասվել է տան առաջին հարկի բետոնե հատակի անկյունային հատվածը, ինչպես նաև նշված ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նռնակի պայթուցիչի բեկորներ, զսպանակ, գործարկիչի մետաղյա դետալ և օղ», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Մկրտչյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: «Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատապայթյունատեխնիկական, հետքաբանական, շինարարական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական գործողություններ` առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG