Մատչելիության հղումներ

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած 3 ընդդիմադիր ուժերը կդիմեն դատարան


Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի դիմաց վաղ առավոտից հավաքվել էին 3 ընդդիմադիր քաղաքական ուժերին սատարող քաղաքացիներ, այդ կուսակցությունների ավագանու թեկնածուներ՝ հետևելու ընտրատարածքային հանձնաժողովի նիստին, որի ժամանակ հրապարակվելու էին հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական արդյունքներն ու բաշխվելու էին մանդատները: Նախատեսված ժամից մեկ ժամ ուշացումով սկսվեց նիստը, քանի որ հավաքվածները ընտրատարածքային հանձնաժողովից պահանջում էին մանդատներն արդար բաշխել ու 3 քաղաքական ուժերից որևէ մեկից մանդատ չվերցնել ու տալ հանրապետականների ու քրիստոնեադեմոկրատների կազմած «Բալասանյան» դաշինքին:

«Հարգելի պարոն Բաղրամյանը և հանձնաժողովի անդամները շատ ծանր դրության մեջ են: Ծանր դրությունը պայմանավորված է վերևից ճնշումների հետ: Ակնհայտորեն երկրորդ, երրորդ օրվանից պարոն Մուկուչյանը հրապարակային ուղղորդումներով ճնշում է բանեցրել էս հանձնաժողովի վրա: Պարբերաբար մարդկանց հրավիրել են կամ կանչել են Երևան՝ ցուցումները տալու: Ինձ համար դա ակնհայտ է», - հայտարարեց ԳԱԼԱ կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Գյումրու ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Կարծում եմ, որ ԿԸՀ-ն՝ ի դեմս նախագահի, առաջ անցավ և հայտարարեց 17 թիվ: Էդ իրավունքը ո՞վ էր վերապահել: Մենք դա որակում ենք որպես ուղղորդում ընտրատարածքային հանձնաժողովի նկատմամբ: Էս խմորը շատ է ջուր քաշելու: Մենք մինչև Եվրոպական դատարան հասնելու ենք, եթե Սահմանադրական դատարանում չհաջողվեց մեզ ապացուցել, որ այս օրենքը միտումնավոր մեկնաբանվում է ի օգուտ մեկ քաղաքական ուժի», - հայտարարեց «Հայկական վերածնունդի» անդամ Հովհաննես Մարգարյանը:

Տարածքում մեծ թվով ոստիկաններ կային, այդ թվում նաև մարզային ոստիկանապետի 2 տեղակալները, ովքեր փորձում էին ներսում գտնվողներին դուրս հրավիրել, որպեսզի ընտրատարածքային հանձնաժողովը նիստ գումարեր:

Հանձնաժողովի նիստն անցավ լարված մթնոլորտում․ նախ՝ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակեց՝ նշելով, թե ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում եղած թվերի համեմատ դրանք որևէ փոփոխություն չեն կրել:

Այնուհետև հերթը հասավ ավագանու 33 մանդատների բաշխմանը:

«Ըստ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ մասում սահմանված բանաձևով հաշվարկի, «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքի մանդատների թիվը կազմում է 15, «Բարգավաճ Հայաստանինը»՝ 9, ԳԱԼԱ-ինը՝ 4, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 5: Գյումրու ավագանու տեղերի թիվը 33 է, որի պարագայում 15 մանդատը ավելին է տեղերի 40 տոկոսից և պակաս է մանդատների բացարձակ մեծամասնությունից՝ 17-ից: 141 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նման դեպքում տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվելու է«Բալասանյան» դաշինք կուսակցությունների դաշինքին», - հայտարարեցընտրատարածքային հանձնաժողովի նախագահը:

Քվեարկությանը հետևողներին պարզ չերևաց, թե հանձնաժողովի անդամներից ով ինչպես քվեարկեց ու դա էլ ավելի բորբոքեց կրքերը:

Որոշման հրապարակումից հետո հանձնաժողովի անդամներին վրձիններ նվիրեցին:

Ընդդիմադիր 3 ուժերը ավելի վաղ համատեղ հայտարարություն էին ստորագրել, որ մանդատների այսպիսի բաշխման դեպքում դիմելու են դատարան` վիճարկելու ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը, բոյկոտելու են ավագանու նիստերը և մանդատներից հրաժարվեն:

«Գործի է դրվում 3 քաղաքական ուժերի հայտարարության մեջ նշված գործողությունների ծրագիրը, որտեղ հստակ նշված էր, որ, եթե այս հանձնաժողովը որոշի առաջնորդվել Մուկուչյանի անօրինական հրահանգներով դատական ճանապարհով են գնալու քաղաքական ուժերը և դատական ճանապարհի սպառումից հետո կլինի լրացուցիչ հայտարարություն», - հայտարարեց Լևոն Բարսեղյանը:

Վաղը Գյումրիի ավագանին նիստ կգումարի նոր կազմով և փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ կընտրի:

XS
SM
MD
LG