Մատչելիության հղումներ

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, այսօր ամփոփեց Գյումրիում հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

Ըստ այդմ՝ ընտրությունների արդյունքում 6 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև Գյումրիի 33 անդամներից կազմված ավագանիների խորհրդի մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ․ իշխանական Բալասանյան դաշինքը, որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8 մանդատ, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4 մանդատ, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։

Գյումրիի ավագանու մանդատի հավակնող ընդդիմադիր 3 ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) ու ԳԱԼԱ կուսակցությունները պնդում են, որ իրենք մեծամասնություն են, իրենց ստացած քվեներով՝ 18 մանդատ ունեն, իսկ իշխանական «Բալասնյան դաշինք»-ը 15: Հոկտեմբերի 6-ին այդ ուժերը միացյալ հայտարարություն էին ստորագրել, պնդելով, որ չեն պատրաստվում մանդատ զիջել։

«Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են ավագանու բոլոր նիստերը՝ մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը։ Նրանք չեն մասնակցելու ավագանու նիստ կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տիգրան Մուկուչյանի անօրինական հրահանգներով», - ասված է հայտարարությունում։

Ընդդիմադիր ուժերի աջակիցները այսօր առավոտից հավաքվել էին թիվ 34 ԸԸՀ-ի մուտքի մոտ և ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո այստեղ բողոքի ակցիա տեղի ունեցավ։ Ընդդիմադիրները պատրաստվում են օրվա ընթացքում ևս շարունակել բողոքի ակցիաները։

Հոկտեմբերի 10-ին կգումարվի ավագանու նիստ, որի ժամանակ փակ-գաղտնի քվեարկությամբ կընտրվի Գյումրիի քաղաքապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG