Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Երևան է ժամանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով:

«Անշուշտ, հաճելի է բարեկամների հետ նշել Երևանի տարեդարձը: Մենք երախտապարտ ենք և մշտապես հիշում ու փայփայում ենք բոլոր այն մարդկանց անունները, ովքեր անմասն չեն թե՛ մեր ցավին, թե՛ մեր ուրախությանը», - Հայաստանի նախագահի կայքէջի փոխանցմամբ, Փարիզի քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հույս է հայտնել, որ Անն Իդալգոյի այցը Երևան կլինի արդյունավետ և կնշանավորվի հետագա համագործակցության խորացման վերաբերյալ նոր պայմանավորվածություններով:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ ու բովանդակություն են ստացել Հայաստանի անկախացումից հետո, և այսօր այդ հարաբերությունները բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ:

Նախագահը բարձր է գնահատել բոլոր ոլորտներում զարգացող և տարեցտարի ամրապնդվող հայ-ֆրանսիական սերտ փոխգործակցությունը, նշելով, որ վերջին տարիների քաղաքական կանոնավոր երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները, համագործակցությունը միջխորհրդարանական և բազմակողմ ձևաչափերում, մշակութային, կրթական ակտիվ կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը շուրջ չորս տասնյակ քաղաքների ու շրջանների միջև, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում արդյունավետ աշխատանքը ամուր հիմք և լավ նախադրյալներ են հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակաբար խորացնելու համար:

Անն Իդալգոն և Սերժ Սարգսյանը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների կայացման ու զարգացման գործում անուրանալի ավանդ ունի ֆրանսահայ համայնքը, որի մի ստվար հատվածը բնակվում է հենց Փարիզում:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Փարիզի քաղաքապետի և քաղաքապետարանի աջակցությունը ապրիլի 24-ի ամենամյա հիշատակի միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում 2015 թվականի ապրիլի 24-ին տիկին Իդալգոյի այցը Երևան:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ներգրավվածությունը և Նախագահ Օլանդի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG