Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ, ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման զորավարժություն «Ալագյազ»-ում


Զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն` Ալագյազ ուսումնական կենտրոնում անցկացվել է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զորավարժություն:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, մարտական կրակով անցկացված գումարտակային մարտավարական զորավարժությանը ներգրավված էին 5-րդ բանակային զորամիավորման և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները:

«Զորավարժության նպատակը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումն էր հավանական մարտական գործողությունների ընթացքում», - ասված է հաղորդագրությունում:

Զորավարժության եզրափակիչ` երեկ կայացած կրակային փուլին հետևել են 5-րդ բանակային զորամիավորման և 102-րդ ռազմակայանի հրամանատարական կազմը, ՏԻՄ ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

«Զորավարժության մտահղացման համաձայն` պայմանական հակառակորդը, խախտելով Հայաստանի պետական սահմանը, մխրճվել էր Միացյալ զորախմբի պաշտպանության գոտու շրջաններ: Հրետանային հուժկու հարվածներով պայմանական հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվել է: Որոշում է ընդունվել երկրորդ շարակազմի հարվածային խմբերի կիրառման վերաբերյալ: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել և առաջնագիծը վերականգնվել է», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ըստ նախարարության, զորավարժությանը մասնակցող բոլոր ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր մարտական պատրաստվածություն և մարտի դաշտում փոխգործակցության բարձր մակարդակ: Առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG