Մատչելիության հղումներ

Քերրի. Ռուսաստանն ու Ասադի վարչակազմը պետք է պատասխան տան պատերազմական հանցագործության համար


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Վաշինգտոնը կոչ է անում հետաքննել Սիրիայում Ասադի վարչակազմի և Ռուսաստանի ռազմական հանցագործությունները: «Նրանք, որ այժմ ռմբակոծում են խաղաղ բնակչությանը Հալեպում, պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին՝ ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումից առաջ:

«Ռուսաստանն ու Սիրիայի վարչակազմը պարտավոր են միջազգային հանրությանը պարզ բացատրությունից ավելին ներկայացնել այն մասին, թե ինչու են հարվածում հիվանդանոցներին, բժշկական հաստատություններին, կանանց ու երեխաներին, այսպիսի հարձակումներն ամենևին էլ պատահական բնույթ չեն կրում, սա թիրախավորված քաղաքականություն է», - ասել է Քերրին։

Ավելի վաղ ամերիկյան մամուլը գրել էր, որ Սիրիայում շարունակվող ռմբակոծություններին ի պատասխան, Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Կրեմլի դեմ սահմանափակումների խստացման մասին է խոսում նաև պաշտոնական Բեռլինը: «Եթե այս պատերազմական հանցագործությանը չհետևեն պատժամիջոցներ կամ համապատասխան այլ քայլեր՝ սկանդալ կդառնա», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթգենը։

Մինչ այդ կանցլեր Անգելա Մերկելը կրկին կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի վարչակազմի վրա:

«Միջազգային օրենքով որևէ հիմք չկա հիվանդանոցները կամ բժիշկներին ռմբակոծելու: Այն, ինչ կատարվում է հիմա Հալեպում, սոսկալի է, և մենք պետք է ամեն բան անենք հրադադար հաստատելու և կարիքավորներին օգնելու համար: Ես հիմա դիմում եմ Ռուսաստանին, որը մեծ ազդեցություն ունի Ասադի վրա՝ մենք պետք է վերջ դնենք այս զարհուրելի հանցագործություններին որքան հնարավոր է արագ», - ասել է Մերկելը։

Ավելի վաղ՝ երեկ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել էր՝ իրավիճակը Հալեպում ավելի վատ է, քան սպանդանոցում, և նրանք, որ այժմ Սիրիայում կործանարար ռումբեր են կիրառում, մեղավոր են պատերազմական հանցագործության համար:

Կազմակերպության Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հորդորել էր «Ալ-Նուսրա»-ի զինյալներին դուրս գալ Հալեպից՝ տեղի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար: «Պատրաստ եմ անգամ անձամբ ուղեկցել նրանց», - ասել էր Միստուրան:

Այսօր Մոսկվան հայտարարել է, թե աջակցում է այս առաջարկին: «Հանուն Հալեպի փրկության, մենք կհորդորենք նաև Սիրիայի կառավարությանը դրա հետ համաձայնել, եթե «Ալ-Նուսրա»-ի զինյալները զենքով հեռանան դեպի Իդլիբ, որտեղ տեղակայված են նրանց հիմնական ուժերը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ակնկալվում է, որ այս առաջարկն այսօր ավելի ուշ քննարկման կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ հրավիրված դռնփակ նիստում:

Մինչ այդ Մոսկվայում Պետդուման այսօր վավերացրեց Սիրիայում ռուսական օդուժի տեղակայման մասին համաձայնագիրը։

Մեկ տարի առաջ Ասադի վարչակազմի հետ կնքված այդ անժամկետ փաստաթղթին կողմ քվեարկեցին օրենսդիր մարմնի բոլոր 446 պատգամավորները:

XS
SM
MD
LG