Մատչելիության հղումներ

Կառավարությունը վաճառում է տրանսպորտի նախարարության շենքը


Նախատեսված հարկային եկամուտները չապահովող կառավարությունը վաճառքի է հանում հանրային սեփականությունը ծախսերը հոգալու համար:

Գործադիրի երեկվա որոշմամբ, մոտ 28 միլիոն դոլարով աճուրդի է հանվել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն շենքը՝ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող հայտնի Արհմիությունների տան ձախ հատվածը:

Պատմական և մշակութային հուշարձան հանդիսացող շենքի 7 հազար 809 քառակուսի մետրը և կից 0.25 հեկտար հողամասը, փաստորեն, վաճառվում է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խանութների գնին համարժեք: Շենքի մեկ քառակուսի մետրը գնահատվել է մոտ 3 հազար 500 դոլար:

Կառավարության հրապարակած տեղեկանքի համաձայն, վաճառքն իրականացվում է պետական բյուջեում եկամուտների ավելացման նպատակով:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը գործադիրի նիստում ընդհանրապես որևէ բացատրություն չներկայացրեց, թե ինչու են վաճառում շենքը:

«Աճուրդի մեկնարկային գին սահմանելով գույքի գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 13 միլիարդ 223 միլիոն 413 հազար 600 դրամ։ Գույքը ձեռք բերելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի բաժնային մասի կադաստրային արժեքը՝ 151 միլիոն 226 հազար 400 դրամ, ինչպես նաև գույքի արժեքի որոշման գումարը՝ 600 հազար դրամ», - հայտարարեց Սահակյանը։

Կառավարության որոշման մեջ պահանջ կա՝ եթե գնորդը որոշի փոփոխության ենթարկել հուշարձանը, ապա դա կարող է անել միայն կառավարության թույլտվությամբ:

Ինչ վերաբերում է Արհմիությունների տան մյուս՝ աջ հատվածին, ապա պարզվում է՝ պատմական հուշարձանի այդ մասն էլ տարիներ առաջ մասնավոր ընկերություններին է վաճառել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որին այն պատկանում էր: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Պետական գույքի կառավարման վարչությունից:

Այն որ կառավարությունը հայտնվել է ֆինանսական ոչ դյուրին իրավիճակում, երեք օր առաջ հրապարակավ խոստովանեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Տարին մենք ծրագրում ենք, որ շուրջ կավարտենք 1 տրիլիոն 62 միլիարդից 1 տրիլիոն 72 միլիարդի հարկային ցուցանիշներ, դե բնականաբար դա ծրագրավորած ցուցանիշից, որը որ կառավարության որոշումներով որոշակի մեծացվել է շուրջ 80 միլիարդով ավելի պակաս է», - հայտարարեց Արամյանը։

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի խոսքով, թեև ակնհայտ է, որ կառավարությունը շենքը վաճառում է ֆինանսական խնդիրներից ելնելով, սակայն մեր զրուցակցին ավելի շատ անհանգստացնում էր շենքի հնարավոր աղավաղումների հարցը:

«Ինձ համար այս առումով, երբ որ ես նայում եմ զուտ քաղաքաշինական կամ ճարտարապետական առումով, ամենաանհանգստացնող հարցերից մեկը առաջինը հենց հրապարակի տեսքը չփոխվելն է։ Տեսեք, նույն «Մարիոթ» հյուրանոցը այսօրվա HSBC բանկի ամենավերևի հարկում լրացուցիչ կառույց է արել, որը որևիցե ձևով չի գեղեցկացնում շենքն, այլ ընդհակառակը այդ շենքը տգեղացնում է», - ասաց Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG