Մատչելիության հղումներ

Պոլիտկովսկայայի սպանությունից 10 տարի անց չի բացահայտվել հանցագործության պատվիրատուն


Աննա Պոլիտկովսկայա

Աննա Պոլիտկովսկայա

«Նովայա գազետա» թերթի լրագրող և իրավապաշտպան Աննա Պոլիտկովսկայան սպանվել է տասը տարի առաջ՝ հոկտեմբերի 8-ին, Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը Մոսկվայի կենտրոնում, սեփական տան մուտքում:

Միակ անձը, որ ճանաչել էր իր մեղքը և համաձայնել էր համագործակցել քննչական խմբի հետ, իրավապահ մարմինների նախկին աշխատակից Դմիտրի Պավլյուչենկոն է: 2012 թվականին դատարանը նրան դատապարտել էր 11 տարվա ազատազրկման: Պոլիտկովսկայայի սպանության գործով դատարանը մեղավոր էր ճանաչել նաև Մախմուդով երեք եղբայրներին, նրանց քեռուն՝ Լոմ-Ալի Գայտուկաևին և ոստիկանության նախկին աշխատակից Սերգեյ Հաջիկուրբանովին:

Առայսօր, սակայն, հայտնի չէ, թե ով է Պոլիտկովսկայայի սպանության պատվիրատուն:

Սպանությունից երկու օր առաջ՝ 2006-ի հոկտեմբերի 5-ին Աննա Պոլիտկովսկայան մասնակցում էր «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության մի հաղորդման, որի մասնակիցները քննարկում էին Ռամզան Կադիրովին, ով այդ օրը դարձել էր 30 տարեկան և Չեչնյայի նախագահ ընտրվելու հրանավորություն էր ստացել: Իր վերջին հարցազրույցում Պոլիտկովսկայան Կադիրովին անվանել էր «Չեչնյայի մերօրյա Ստալին» և «լավ զինված թիկնապահներով շրջապատված վախկոտ անձնավորություն»:

Եվ երկու օր անց հայտնի լրագրողն ու իրավապաշտպանը սպանվեց: Դրանից մի քանի ամիս հետո Կադիրովն ընտրվեց Չեչնյայի նախագահ և պաշտոնավարում է մինչև այսօր:

Բորիս Նեմցովի սպանությունը, ի դեպ, նրա պաշտպանները նույնպես կապում են Կադիրովի անվան հետ:

Պոլիտկովսկայայի որդին՝ Իլյա Պոլիտկովսկին, «Ազատության» ռուսական ծառայության հետ զրույցում ասել է, թե սպանության պատվիրատուին իրավապահ մարմինները չեն փնտրում, քամի որ իր մայրը գործող ռեժիմի թշնամին էր, և երկրի ղեկավարությանը ձեռնտու չէ նրա սպանության լիարժեք բացահայտումը։

Պոլիտկովսկին կարծում է, որ հանցագործության պատվիրատուի անունը ապագայում կարող է հրապարակվել՝ եթե դա ինչ-ինչ պատճառներով պետք լինի երկրի ղեկավարությանը, և չի բացառում, որ ղեկավարությունն այսօր էլ գիտի, թե ով է պատվիրել սպանությունը:

Աննա Պոլիտկովսկայան զբաղվում էր Չեչնյայի խնդիրներով և լավատեղյակ էր, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ:

«Նովայա գազետա» թերթի խմբագրության աշխատակիցներն այսօր տարածել են մի տեսագրություն, որի հիմնական ուղերձն այն է, որ տասը տարի անց սպանությունը չի բացահայտվել:

Տեղին է նշել, որ նույն սցենարով է ընթանում նաև Բորիս Նեմցովի սպանության գործով դատաքննությունը․ դատարանում միայն կատարողներն են, իսկ պատվիրատուի մասին տեղեկություններ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG