Մատչելիության հղումներ

Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել, որ տուժող ճանաչեն


Շահեն Հարությունյան, արխիվ

Շահեն Հարությունյան, արխիվ

Երևանում հեղափոխության փորձ անելու համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, այսօր բերման են ենթարկել Հատուկ քննչական ծառայություն և քրեական գործով տուժող ճանաչել:

Շահեն Հարությունյանի փոխանցմամբ, հուլիսի 17-ին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման օրը, ինքը երկու անգամ բերման էր ենթարկվել, ինչի ընթացքում իր նկատմամբ բռնություն էր կիրառվել։ «Ես ինքս բողոք չեմ ներկայացրել ոստիկանության կողմից բռնության ենթարկվելու համար, սակայն ԶԼՄ-ների նյութերի հիման վրա են գործը վարույթ ընդունել։ Ես բազմաթիվ անգամներ հայտնվել եմ նման իրավիճակում, սակայն արհամարհվել եմ արդարադատական համակարգի կողմից, դրա համար բողոք չեմ ներկայացրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Այսօր իրավապահները Հարությունյանին բերման են ենթարկել Հատուկ քննչական ծառայություն, հարցաքննել և ասել, որ դա արվում է գործի անաչառ քննության համար, և նրան տուժող են ճանաչել։

«Ես ծանուցում չէի ստացել ոստիկանություն ներկայանալու մասին։ Այսօր առավոտյան դասի էի գնում, մայրս զանգեց, ասաց, որ ոստիկաններ են եկել՝ ինձ բերման ենթարկելու որոշումով», - ասաց Շահենը։

Նշենք, որ նրա դեմ մի քանի քրեական գործեր կան հարուցված, որոնք, ինչպես ինքն է ասում, այս պահին «օդից կախված են»։

2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում հեղափոխության փորձ անելու մեղադրանքով Շահեն Հարությունյանը, հիշեցնենք, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական պատիժ է կիրառվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG