Մատչելիության հղումներ

logo-print

Կոլումբիայի նախագահը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի 97-րդ դափնեկիր


Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոս, արխիվ

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոս, արխիվ

2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացավ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը՝ «Կոլումբիայում հակամարտության կարգավորմանն ուղղած ջանքերի համար»: Այս մասին այսօր հայտարարել է Նորվեգական Նոբելյան կոմիտեի նախագահ Կարին Սիսիլլե Կուլման Ֆիֆեն:

«Խաղաղության մրցանակը շնորհվում է Մանուել Սանթոսին՝ ավելի քան հիսուն տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ավարտին հասցնելուն ուղղված ջանքերի համար», - նշվում է պաշտոնական փաստաթղթում:

«Նոբելյան» հիմնադրամի ներկայացուցչի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում Մանուել Սանթոսն ասել է, որ մրցանակը նվիրել է կոլումբիացիներին, ովքեր այդքան տառապել են այդ պատերազմի ընթացքում։

Կոլումբիայի 65-ամյա նախագահը միակն է, ում հաջողվեց ավելի քան 220 հազար մարդու կյանք խլած ու միլիոնավոր մարդկանց փախստական դարձրած պատերազմին վերջ դնել: Ուղիղ երկու շաբաթ առաջ Մանուել Սանթոսը և Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերը ստորագրեցին պատմական համաձայնագիրը, որով հիմք դրվեց երկրում խաղաղ գործընթացներին: Համաձայնագրի պայմաններով՝ զինված խմբավորումը հրաժարվում է զինված պայքարից ու դառնում է քաղաքական կուսակցություն, որը կարող է մասնակցել 2018 թվականի ընտրություններին:

Հոկտեմբերի 3-ին, սակայն, Կոլումբիայում տեղի ունեցած հանրաքվեին քաղաքացիների մեծամասնությունը անսպասելիորեն մերժեց նախագահի խաղաղարար ջանքերը, թեև սոցիոլոգները վստահորեն հայտարարում էին, որ համաձայնագիրը մեծ աջակցություն է վայելում կոլումբիացիների շրջանում: Հանրաքվեում «ոչ»-ի հաղթանակից հետո էլ երկրի նախագահը չընկճվեց՝ հայտարարելով, որ հրադադարը պետք է պահպանվի, ինչպես նաև խոստանալով մինչև իր նախագահության վերջին վայրկյանը շարունակել խաղաղության համար պայքարը:

Խաղաղության Նոբելյան 97-րդ մրցանակին արժանացած Մանուել Սանթոսը ընտրվել է հարյուրավոր թեկնածուների ցանկից: Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի համար այս տարի առաջադրվել էին ռեկորդային թվով՝ 376 թեկնածություններ՝ 228 անձ և 148 կազմակերպություն, մասնավորապես՝ Սիրիայում կամավորական գործունեություն ծավալող «Սպիտակ սաղավարտներ» փրկարարական խումբը, Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցողների խումը, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պարգևը, որ կազմում է մոտ 930 հազար ամերիկյան դոլար, Մանուել Սանթոսին կհանձնվի դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ Ստոկհոլմում պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ։

Կեսդարյա պատերազմին վերջ դրած կոլումբիացի առաջնորդն այսպիսով դարձավ 26-րդ ղեկավարը, ով Նոբելյան մրցանակի է արժանանում։

«Սա շատ կարևոր իրադարձություն է իմ երկրի և իմ ժողովրդի համար։ Շնորհակալ եմ։ Ես այս մրցանակը ստանում են հանուն նրանց՝ հանուն կոլումբիայի ժողովրդի, ովքեր այդքան տառապել են այս պատարեզմի հետևանքով։ Միասին մենք կհասնենք գլխավոր հաղթանակին՝ խաղաղության», - հայտարարել է Խուան Մանուել Սանթոսը։

XS
SM
MD
LG