Մատչելիության հղումներ

Ալեքսիևիչ․ Ռուսների ճնշող մեծամասնությունը նախընտրում է ապրել ոչ թե նորմալ, այլ ուժեղ երկրում


Գրող Սվետլանա Ալեքսիևիչը հարցազրույց է տալիս «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաալիքին
Գրող Սվետլանա Ալեքսիևիչը հարցազրույց է տալիս «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաալիքին

Պուտինը ռուսների մոտ նույնացվում է կայսրության, ուժեղ պետության հետ, իսկ ռուսների գերակշռող մեծամասնությունը նախընտրում է ապրել ոչ թե նորմալ, այլ հենց ուժեղ երկրում՝ «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը՝ մանրամասնելով․ - «Երբ գիրք էի գրում, հարցնում էի՝ դուք կուզեիք ապրել ուժե՞ղ, թե՞ նորմալ երկրում, հարցվածների 80, եթե ոչ 90 տոկոսը նախընտրում էր ապրել ուժեղ երկրում»:

Բելառուսում մեծացած գրողը զուգահեռներ է տարել Մոսկվայի հետ դաշնակից Մինսկի ու հակամարտության դուրս եկած Կիևի միջև․ - «Բելառուսում կյանքը կանգ է առել, ոմանց մոտ դեռ սոցիալիզմ է, որը չի էլ հեռացել մեր կյանքից: Իշխանությունների հետ հարաբերություններն էլ են նույնը մնացել, իշխանության մասին պատկերացումներն էլ: Ուկրաինայում մարդիկ արդեն այլ են: Վերջերս այնտեղ էի, ցնցվեցի՝ բոլորը անգլերեն են սովորում՝ ծեր պրոֆեսորից ու տարեց նախարարից մինչև երիտասարդ լրագողներ: Նրանք ապագա են ուզում ունենալ և բոլորովին այլ կերպ են պատկերացնում դա»:

«Վերջերս դասախոսություն էի կարդում Միացյալ Նահանգների Կոռնելի համալսարանում, տասը ուսանողներից յոթը ռուս էին: Պատկերացնո՞ւմ եք՝ ուղեղների ինչ արտահոսք է», - նկատել է Նոբելյան մրցանակակիրը:

Լրագրողի հարցին՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում քննարկումներին, թե արտագաղթողները որոշ չափով մեղավոր են երկրում մնացածների առջև, թե պետք է մնալ ու փոխել», Ալեքսիևիչը պատասխանել է․ - «Կարծում եմ՝ մարդը հեռանալու իրավունք ունի: Ես ինքս տասը տարի ապրել եմ դրսում»:

«Իսկ հեռանալիս ինչպե՞ս օգնել» հարցին էլ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը պատասխանել է՝ պետք է ասել այն, ինչ մտածում ես, հատկապես որ դրսում ապրողները այլ տեսանկյունից են նաև նայում, և իհարկե, ավելի հստակ ու պարզ են տեսնում:

Երկրորդ համաշխարհայինի ու Աֆղանական պատերազմի, չեռնոբիլյան աղետի ու խորհրդային մարդու մասին գրող Սվետլանա Ալեքսիևիչն ասել է՝ այժմ աշխատում է երկու գրքերի վրա, որոնցից մեկը պատմում է տղամարդու ու կնոջ սիրո, մյուսը՝ ծերության ու մահվան մասին: «Ուզում եմ գրել՝ ինչպես է մարդը հեռանում և ինչ է մտածում վերջին պահին», - նշել է գրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG