Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը՝ ԱՄՆ-ում


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Հոկտեմբերի վերջին Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, հրավերով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի` Նյու Յորքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

«Ս. Էջմիածնից` աշխարհին» կարգախոսի ներքո Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի Հայոց եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանն առնչվող հարցեր:

Վեհափառի նախագահությամբ տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի թեմական խորհուրդների և ՀԲԸՄ գործադիր վարչության միացյալ ժողով, որտեղ հիմնականում քննության կառնվի «Ինչպե՞ս հասնել Հյուսիսային Ամերիկայի հայությանը» թեման:

Այցի ընթացքում` հոկտեմբերի 29-ին, Նյու Յորքում Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկա կգտնվի նաև ՀԲԸՄ 89-րդ համաժողովին և Միության 110-ամյակին նվիրված միջոցառումներին:

Հոկտեմբերի 30-ին Վեհափառը Սուրբ Պատարագ կմատուցի Սուրբ Վարդան առաջնորդանիստ տաճարում, որի ավարտին Գարեգին երկրորդի գահակալության 17-րդ տարեդարձի առիթով կկատարվի Հայրապետական մաղթանք:

Նոյեմբերի 12-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը կհանդիսապետի Սուրբ Ներսես հայկական ճեմարանի նոր համալիրի, նաև «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացման արարողությունը: Վեհափառի ձեռամբ կկատարվի ճեմարանի Սուրբ Հակոբ մատուռի օծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG