Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԳԱԼԱ-ն հայտարարում են, որ մանդատ չեն զիջելու «Բալասանյան դաշինք»-ին


«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) ու ԳԱԼԱ կուսակցություններն, այսօր համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ ամրագրելով, որ միասին 18 մանդատ են ստացել և չեն պատրաստվում որևէ մանդատ զիջել իշխանական «Բալասանյան դաշինք»-ին:

Եռյակը հայտարարեց, որ եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշի, որ «Բալասանյան դաշինք»-ը ստացել է Գյումրու ավագանու մանդատների մեծամասնությունը՝ 17 մանդատ, ապա իրենք վիճարկելու են այդ որոշումը դատական բոլոր ատյաններում, ընդհուպ մինչև Եվրադատարան: Այսքանով, սակայն, չեն սահմանափակվի:

«Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են ավագանու բոլոր նիստերը՝ մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը։ Նրանք չեն մասնակցելու ավագանու նիստ կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տիգրան Մուկուչյանի անօրինական հրահանգներով», - ասված է հայտարարությունում։

«Մանդատները կստանան մեկ պայմանով, երբ 3 ուժերը ստանան իրենց հասանելիք 18 մանդատները», - նշեց «Հայկական վերածնունդ»-ի ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը:

«Ինչ վերաբերում է բոյկոտելուն, մենք որոշում ենք կայացրել, որ ընդհանրապես մինչև հասանելիք ժողովրդի քվեով ստացած 18 մանդատը չտրամադրվի մեր երեք քաղաքական ուժերին, որևէ մեկս մանդատ չենք ստանալու, այսինքն, եթե այդպիսի որոշում չկայացվի՝ 18 մանդատ, և այդ հնարած 17 մանդատ լինի որևէ մեկս մանդատ չենք ստանալու և պայքարելու ենք բոլոր եղանակներով, որը նշվեց», - ասաց Մարգարյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը վերահաստատեց, որ իրենք ամեն մի քվեին տեր են կանգնելու և Գյումրիում օրինական իշխանություն են ձևավորելու:

Վարդևան Գրիգորյանն ասում է, որ ընտրողների 66 տոկոսը ձայն չի տվել իշխանության թեկնածուին: «Աբսուրդ է ստացվում, որ ձայների 66 տոկոս հավաքած կուսակցությունները Գյումրի քաղաքի գործառույթներում, դա կլինի, օրենսդիր, որպես ավագանիներ, և գործադիր, ընդհանարապես այդ համակարգում որևէ անելիք չեն ունենա, այսինքն, այդ 17 մանդատը սկուտեղի վրա փոխանցելով Բալասանյանին, զրկում են այն 66 տոկոսին ձկառավարման իրավունքից, որը մենք թույլ չենք տա», - ասաց Գրիգորյանը։

Գյումրիում ձևավորված քաղաքական եռյակի ներկայացուցիչները իրենց ստորագրություններով վավերացրեցին հայտարարությունը, միևնույն ժամանակ կոչ անելով՝ դադարեցնել ճնշումները Գյումրին ներառող Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի վրա:

Մինչ «Ասպարեզ» ակումբում ընթանում էր հանդիպում, ակումբի դիմաց հավաքվել էին 3 ուժերի աջակիցները: Ի պաշտպանություն իրենց տված քվեների, հավաքվածները երթով շարժվեցին թատերական հրապարակ:

«Երբ հայտարարում են, որ երկու մանդատ շնորհելու են իշխանական կուսակցությանը՝ Հանրապետական կուսակցության թեկնածուին, չկոնկրետացնելով, թե այդ երկու մանդատը ո՞ր քաղաքական ուժից են խլելու, որպեսզի դարձնեն 17 մանդատ և լինի մեծամասնություն։ Սա մենք համարում ենք Գյումրեցու քվեի գողություն։ Սա ընդամենը հայտարարություն է, որ թույլ չենք տալու, որպեսզի տեղի ունենա գյումրեցու քվեի գողություն, ի պաշտպանություն գյումրեցու քվեի երթ ենք անում հիմա, շատ խաղաղ գնում ենք դեպի Թատերական հրապարակ, այսպիսով ցույց տալով, որ Գյումրին պատրաստ չէ զիջել քվեն, մենք տեր ենք մեր քվեին մինչև վերջ», - հայտարարեցին ցուցարարները։

Առաջիկա օրերին, մինչև հոկտեմբերի 9, երբ Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները ու կհայտարարի, թե ում քանի մանդատ է բաժին հասել, քաղաքական ուժերը կշարունակեն բողոքի ակցիաները:

XS
SM
MD
LG