Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանն իր վերադարձի հարցը կարող է քննարկել Սերժ Սարգսյանի հետ


Գագիկ Ծառուկյան, արխիվ

Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավորները չեն բացառում, որ իրենց նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալուց առաջ այդ հարցը քննարկի նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ հենց Սերժ Սարգսյանի հետ սուր հակամարտությունից և փոխադարձ վիրավորանքներից հետո:

Նկատենք, ԲՀԿ-ականները վերջին շրջանում հաճախ են խոսում այն մասին, թե Ծառուկյանի վերադարձը ժողովրդական պահանջ է։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց նաև ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Լյովա Խաչատրյան

Լյովա Խաչատրյան

«Ազատություն». - Պարոն Խաչատրյան, ի՞նչ եք կարծում,իսկապե՞ս նրա վերադարձը սպասված է, այն բանից հետո, երբ Ծառուկյանը հայտարարեց իշխանափոխության մասին, ժողովրդին կոչ արեց համախմբվել, դուրս գալ փողոց, բայց փոխարենը նա հեռացավ քաղաքականությունից, անգամ ԲՀԿ-ն թողեց։

Խաչատրյան. - Բարդ հարց եք տալիս, իհարկե դրան միանշանակ պատասխանել չէի ցանկանա, միգուցե և չեմ կարող։ Որ պահանջարկը կա, որ ժողովուրդն ուզում է տեսնել Ծառուկյանին քաղաքական դաշտում, դա ակներև էր Գյումրիում, Վանաձորում ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ։ Ամեն դեպքում անարձագանք թողնել չի կարելի։ Ինչպիսի՞ն կլինի արձագանքը, ինքը պետք է որոշի։

«Ազատություն». - Պե՞տք է քննարկվի նաև երկրի ղեկավարի հետ, ի վերջո, հենց նրա գնահատականներից հետո Ծառուկյանը ստիպված եղավ հրաժարվել քաղաքականությունից։

Խաչատրյան. - Կարծում եմ, որ համակողմանի կլինի քննարկումը, իհարկե։

«Ազատություն». - Այսինքն, ի վերջո, Սերժ Սարգսյանի հետ քննարկելու է այդ հարցը։

Խաչատրյան. - Չեմ կարող միանշանակ ասել, բայց, որ քաղաքական ղեկավարության հետ ինչ-որ ձևի մտքերի, կարծիքների փոխանակություն կարող է լինել, չեմ բացառում։

«Ազատություն». - Այսինքն, այն պիտակավորումները, որոնք հնչեցվեցին իշխող Հանրապետականի, անգամ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ճի՞շտ է այդքանից հետո քննարկել այդ մարդկանց հետ քաղաքականություն վերադառնալու հարցը։

Խաչատրյան. - Ես միանշանակ չեմ ասում, որ պետք է քննարկվի, կամ քննարկվի, ես ասում եմ, որ քաղաքակիրթ աշխարհում բոլորը բոլորի հետ, նույնիսկ թշնամու հետ քննարկում են, հանդիպումներ են անում։ Մենք այսօր տեսնում ենք Սիրիայում մոջահեդների՝ էդ տեռորիստների հետ նստած քննարկում են։ Քննարկել չի նշանակում զիջել, համաձայնել կամ մեկ այլ բան, քննարկել նշանակում է ուղիներ փնտրել։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Աբրահամ Մանուկյանն էլ նշում է, եթե Ծառուկյանը վերադառնա, դժվար թե Սերժ Սարգսյանի հետ նախկին հակասությունները կրկին ի հայտ գան։

Աբրահամ Մանուկյան

Աբրահամ Մանուկյան

Մանուկյան. - Մի հատ հետ գնանք, փետրվարյան իրադարձությունները, երբ որ եղան, այն ժամանակ ի՞նչ հնչեցվեց, որ միլիարդներ են գողացվել Ծառուկյանի կողմից, յուրացվել և այլն, այդ պարագայում, եթե Ծառուկյանը շարունակում էր աշխատանքները, կուսակցության ղեկավար որպես, ու առաջ էին գնում, կլիներ ահագին բարդ իրավիճակ։

«Ազատություն». - Ի՞նչ էր լինելու։

Մանուկյան. - Կարող էին նաև ընդհարումներ լինել ժողովրդի հետ կապված։ Մարդը դրա համար հետ կանգնեց քաղաքականությունից։

«Ազատություն». - Հիմա, որ գալիս է նորի՞ց նույնը կարող է լինել։

Մանուկյան. - Հետ կանգնեց քաղաքականությունից, ասեց՝ «դուք ինձ մեղադրում եք, որ էս պետության հաշվին դարձել եմ միլիարդատեր, եկեք, ստուգեք, խնդրեմ»։ Հանձնարարականը կա՞ր ստուգման, ստուգեցին ամիսներ շարունակ՝ մոտ մի տարուց ավել, պարզվեց, որ չկան այդ գողացված, թալանված միջոցները։ Ծառուկյանը հարստացել է իր բիզնեսներով, քանի որ, եթե տենց չլիներ, անպայման կարձանագրվեր, ճի՞շտ է, հիմա էդ ամեն ինչից հետո մարդն իրավունք ունի՞ մտածել՝ վերադառնալ-չվերադառնալ։

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք այդ նույն սցենարի կրկնությունը։

Մանուկյան. - Ընդհանրապես պատմությունը կրկնվում է, բայց ես չեմ գտնում, որ նորից նույնը կարող է կրկնվել, ինչի՞ համար, եթե որոշում կայացնի, որ հետ է վերադառնում, ուրեմն այդ ամեն ինչին ինքը պատրաստ կլինի։ Ու ես չեմ գտնում, որ նման հակասություններ նորից առաջ կգան։

Նշենք, որ մամուլը գրել էր, թե երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ ղեկավար կազմի հետ՝ քննարկելով իր վերադարձի հարցը:

Այսօր, սակայն, ԲՀԿ-ականները հրաժարվում էին ասել` եղել է նման հանդիպում, թե՝ ոչ։

Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան

Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի արձագանքը խիստ լակոնիկ էր՝ No comment, պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հորդորում էր այլ հարցեր ուղղել իրեն:

Մելքումյան. - Չեմ մեկնաբանում։

«Ազատություն». - Չե՞ք հերքում, որ հանդիպել եք։

Մելքումյան. - Չեմ մեկնաբանում, այլ բան չեմ ասի։

«Ազատություն». - Ոչ հաստատում եք, ոչ՝ հերքում։

Մելքումյան. - Ոչ, ես չեմ մեկնաբանում։ Ուրիշ թեմա ունե՞ք, եթե չունեք, ես գնամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG