Մատչելիության հղումներ

Նորաստեղծ կառավարության անդամների ու նաև վարչապետ Կարեն Կարապետյանի մռայլ դեմքերն այսօր դուր չեկան պատգամավոր Թևան Պողոսյանին:

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հորդորեց ժպտալ, որքան էլ որ դժվար է երկրի վիճակը։

«Ժպտացե՛ք, լիակատար այլ էր կառավարության ներկայացուցիչների դեմքն անցած քառօրյային։ Պարոն վարչապետ, ինձ թվում է ամենաշատը Ձեզ է սազում, այնպես որ, այդպես մի նստեք, գիտենք, որ երկրի վիճակը շատ ծանր է, սպասում եք լավ ծրագրի, առնվազն, հույսով», - ասաց Պողոսյանը։

Կարեն Կարապետյանը այս հորդորից հետո թեև ժպտաց, սակայն դա պատգամավորներին չոգևորեց, հերթագրված մեկ տասնյակից ավելի օրենսդիրներից միայն երկուսը վարչապետին հարց ուղղեցին. մեկը Տիգրան Ուրիխանյանն էր, որին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց հարցը ձևակերպել գրավոր, մյուսը դաշնակցական պատգամավոր Կարեն Շահմուրադյանն էր, ով խորհրդարանում ակտիվությամբ գրեթե աչքի չի ընկնում:

Վերջինիս հետաքրքրում էր, թե ինչպես է վարչապետը, իր խոստման համաձայն, արհեստավարժ կադրերին ներգրավելու պետական ապարատում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, երբ բարձր որակավորում ունեցող կադրերը աշխատում են մասնավոր ոլորտում։

Շահմուրադյանի հարցին, թե ինչպե՞ս է այդ մարդկանց հրապուրելու պետական ծառայությամբ, որտեղ վարձատրությունն անհամեմատ ցածր է, վարչապետը պատասխանեց. - «Շնորհակալություն հարցի համար, պայմանավորվել ենք, չէ՞, անկեղծ խոսել՝ չգիտեմ, իրոք չգիտեմ։ Պետք է մեջներից ընտրենք մարդկանց, որոնք միսիա են տեսնում, և այս պահին խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին, երբ որ մենք բազմաթիվ այլ խնդիրներ չենք լուծել, կարծում եմ, ճիշտ չի լինի, բայց պետական համակարգը էֆեկտիվ դարձնելու համար, մենք անպայման այդ հարցին պետք է անդրադառնանք, հակառակ դեպքում մենք չենք ունենալու որակյալ կառավարիչներ, դա իրականում խնդիր է, պրոբլեմ է»։

Նշենք, որ ամբողջական կազմով կառավարությունն այսօր առաջին անգամ էր մասնակցում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին էլ հետաքրքրում էր, թե ի վերջո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նոր կառավարությունը՝ մոտ 450 հազարից ավելի թոշակառուների կենսաթոշակը բարձրացնելու համար:

Հարցին պատասխանեց սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անկեղծանալով՝ 2017-ին թոշակները չեն բարձրանա։ Նախարարը նաև հայտարարեց. - «Մենք ծերացող հասարակություն ենք»:

«Մենք ծերացող հասարակության այն խնդիրներին ենք նաև առնչվում, որոնք հատուկ են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը։ 2017 թվականի բյուջեի նախագծում կոնկրետ կենսաթոշակների չափերի բարձրացման հետ կապված միջոցներ նախատեսված չեն, ինչի մասին նաև Դուք նշեցիք», - ասաց Ասատրյանը։

Զուրաբյանն արձագանքեց. -«Գիտեք, ես անկեղծորեն պետք է ասեմ, որ Ձեր պատասխանից մենք կարող ենք մի արձանագրման հանգել, որ իրականում ոչ մի հեռանկար սպասել այս կառավարությունից պետք չէ, և հենց սկզբից կառավարությունը դրա մասին հայտարարում է, սա՝ մեկ, երկրորդը՝ հասարակությունը ծերանում է նաև այն պատճառով, որ աշխատունակ ուժը՝ ընդհանրապես երիտասարդությունը, թողնում, լքում է Հայաստանը, որովհետև տնտեսական զարգացում չկա, մենաշնորհներ են, անարդարություն է և այլ»։

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ հետաքրքրվեց, թե Երևանի ՋԷԿ-ը որքա՞ն պարտք ունի «Գազպրոմ Արմենիա»-ին, ի՞նչպես է այն գոյացել և ի՞նչպես է այդ պարտքը մարվելու: Հարցին պատասխանող էներգետիկ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը վստահեցրեց՝պարտքի դիմաց Երևանի ՋԷԿԸ «Գազպրոմ»-ին չեն հանձնելու:

«Այս պահի դրությամբ Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ի պարտքը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին կազմում է 35 միլիոն դոլար։ Երկրորդ հարցը Ձեր՝ «ինչպե՞ս է առաջացել», օգտագործված բնական գազի դիմաց չվճարումների արդյունքում, մնաց երրորդ հարցը՝ Երևանի ՋԷԿ-ի օտարման հնարավորությունը։ Երբևէ կառավարությունը Ձեզ էլ է հայտնի, չի քննարկել, չի քննարկում և առաջիկայում չի քննարկելու Երևանի ՋԷԿ-ի օտարման հարցը որևէ պարտքի դիմաց», - ասաց Մանուկյանը։

XS
SM
MD
LG