Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՀ․ Առաջիկա հինգ տարում Հայաստանը տնտեսական աճի տեմպերով կգերազանցի Ադրբեջանին


ԱՄՀ լոգոն Վաշինգտոնում հիմնադրամի կենտրոնակայանի պատին

ԱՄՀ լոգոն Վաշինգտոնում հիմնադրամի կենտրոնակայանի պատին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումների համաձայն` առաջիկա մեկուկես տարիներին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը չեն գերազանցի 3.5 տոկոսը:

Հիմնադրամի կողմից օրերս հրապարակված հերթական զեկույցում նշված է, որ 2016 թվականը Հայաստանը փակելու է իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3.2 տոկոս աճով: 2017-ին Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները կանխատեսում են արդեն 3.4 տոկոսի աճ: Ավելի երկարաժամկետ կտրվածքով` մինչև 2021 թվականը, Հայաստանում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, ըստ հիմնադրամի մասնագետների, կազմելու է 4 տոկոս: Այս ցուցանիշով Հայաստանն առաջիկա տարիներին կշարունակի գերազանցել Ադրբեջանին, բայց կզիջի մյուս հարևանին` Վրաստանին:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների պնդմամբ՝ 2016 թվականի արդյունքները Ադրբեջանի տնտեսության համար բավական տխուր են լինելու: Ընթացիկ ողջ տարվա կտրվածքով Ադրբեջանում իրական ՀՆԱ-ի 2․5 տոկոս անկում կարձանագրվի: Հաջորդ տարի տնտեսական աճը կվերադառնա Ադրբեջան` ընդամենը 1.4 տոկոս կազմելով: «Հնգամյա կտրվածքով ևս Ադրբեջանը կզիջի Հայաստանին», - պնդում են ԱՄՀ փորձագետները: Նրանց կանխատեսմամբ, 2021-ին ադրբեջանական տնտեսության աճը 3.2 տոկոս կկազմի` նույն ժամանակահատվածում Հայաստանում սպասվող 4 տոկոս աճի դիմաց:

Վրաստանում ակնկալվող ցուցանիշները ևս շատ բարձր չեն լինի, սակայն հարևանների ֆոնին սպասվող արդյունքները ավելի բարվոք են: Հիմնադրամի մասնագետները ակնկալում են, որ 2017 թվականին Վրաստանում ՀՆԱ-ի իրական աճի տեմպերը կգերազանցեն 5 տոկոսը: Առաջիկա հինգ տարիների կտրվածքով աճի ցուցանիշը Վրաստանում, ըստ հիմնադրամի, 4.8 տոկոս է կազմելու:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները իրենց զեկույցում անդրադառնում են նաև գործազրկության ծավալներին: ԱՄՀ տվյալներով՝ 2016-ին գործազուրկները կազմում են Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության 17․9 տոկոսը: Հաջորդ տարի այս ցուցանիշն աննշան աճ կարձանագրի` հատելով 18 տոկոսի սահմանագիծը:

Անդրադառնալով հետխորհրդային տարածքի պետություններում տիրող տնտեսական ծանր կացությանը` Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները նշում են, որ այս երկրներից առնվազն երկուսի` Հայաստանի և Վրաստանի համար արտագաղթը շարունակում է լրջագույն խնդիր հանդիսանալ: «Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանի բնակչությունը կրճատվել է 15, իսկ Հայաստանինը` 27 տոկոսով», - նշում են ԱՄՀ մասնագետները՝ հավելելով․ - «Միգրացիան կարող է լրջորեն ազդել բնակչության աճի տեմպերի վրա: Պետություններն առավել մեծ գին են վճարում, երբ արտագաղթողները երիտասարդ են և կրթված: Դա ազդում է նախևառաջ աճի երկարաժամկետ հեռանկարների, ինչպես նաև հարկային մուտքերի վրա, քանի որ [երկրում մնացող] բնակչությունը գնալով ծերանում է»:

XS
SM
MD
LG