Մատչելիության հղումներ

logo-print

Քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներից ոմանք առայժմ չեն կարողանում օգտվել խոստացված զեղչից


Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները կարող են օգտվել 50 և ավելի տոկոսի չափով ուսման վարձի զեղչից:

Ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված Տարոն Վարդանյանի մայրը հպարտությամբ ցույց է տալիս գերազանց ծառայության համար որդու ստացած շնորհակալագրերը:

Մարտական գործողությունների մասնակից զինվորն ականի պայթյունից վնասել է աջ ոտքը։ Հենաշարժակներով է քայլում։ Տարոնի զինվորական գրքույկում, սակայն, մինչև այսօր նշված չէ, որ նա մասնակցել է մարտական գործողություններին։

«Էսօր նորից դիմել ենք վայենկոմատ, ասեցին, որ ոչ մեկին էլ չկա՝ երբ եղավ, մենք կասենք ձեզ։ Բաժնի պետը մեզ մոտեցավ, ճանաչում էր էրեխուն: Մեզ տենց պատասխան տվեցին՝ բոլորինը գրած ա, բայց վայեննի բիլետների մեջ ոչ մեկի մեջ գրած չի: Ասացին, որ դիմումներ ունեն գրած, նախարարության պատասխանին են սպասում...», - ասաց Տարոնի հայրը:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները կարող են օգտվել 50 և ավելի տոկոսի չափով ուսման վարձի զեղչից:

Ճամբարակցի Վրույր Լազարյանի մայրն «Ազատության»-ը պատմեց, որ տղան դիմել է զեղչի համար, սակայն Կրթության և գիտության նախարարությունից պատասխանել են՝ զեղչերից օգտվելու համար զինգրքույկում պետք է պարտադիր նշված լինի, որ նա քառօրյա պատերազմի մասնակից է․ - «Իր գրքույկում ուղղակի գրված է, որ մարտական հերթապահություն է իրականացրել։ Հետո մենք դիմել ենք նախարարություն (պաշտպանության նախարարություն), մեզ ոչ մի պատասխան չի եկել։ Գնացել ա ինստիտուտ, ինստիտուտում ասել են, որ պետք է դու թուղթ ներկայացնես, որպեսզի քո հիսուն տոկոս զեղչը կատարենք»:

Կրթության և գիտության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 50 տոկոս և ավելի զեղչ կստանան այն զորացրված զինվորները, որոնց գրքույկներում գրված կլինի՝ ապրիլի 2-5-ը մասնակցել է հայրենիքի պաշտպանության ռազմական գործողություններին:

«Վայեննի բիլետում երկու տիպի նշում կա․ մեկը, որ իրանացրել ա մարտական հերթապահություն, էդ պարագայում իրա զեղչի տոկոսը երեսունն ա: Իսկ որտեղ գրած ա՝ ապրիլի 2-5֊ը մասնակցել է երկրի պաշտպանության․․․ երկար նախադասություն ա, այսինքն մարտական գործողություններին, իրա զեղչը հիսուն պլյուս ա, մինչև անվճար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարության խոսնակ Արթուր Բաղդասարյանը:

Նախարարությունից հաստատեցին, որ եղել են դեպքեր, երբ այդ նշումը չի եղել։ Այդ դեպքում հարկ է լինում կրկին դիմել զինկոմիսարիատ։

Ուսման վճարից ամբողջովին ազատման կարգ չկա։ Ըստ նախարարի շրջաբերականի՝ բուհերն իրենց հայեցողությամբ կարող են մինչև 90, 100 տոկոս զեղչ անել։

Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» ասացին, որ եթե որևէ մեկի գրքույկում չի նշվել, ուրեմն սխալվել են։

Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ տվեց առանձին դիմումներով դիմել նախարարությանը:

XS
SM
MD
LG