Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցել է Պետդումայի 7-րդ գումարման անդրանիկ նիստին։ Վերջին անգամ Պետդումայում Պուտինը ելույթ էր ունեցել 2003 թվականին։

Պատգամավորներին ուղղված ելույթի իր խոսքում ՝ Ռուսաստանի նախագահն ասել է, որ սեպտեմբերի 18-ին ընտրված Պետդուման լեգիտիմ է։

Հիշեցնենք, Պետդումայում շատ քիչ բան է փոխվել, նույն չորս կուսակցություններն են՝ իշխող «Եդինոյա Ռոսիա», Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն և Կոմունիստական կուսակցությունը։

Նախկին Պետդումային Պուտինը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսօրվա Պետդուման նման կլինի նախկինին և կաջակցի նախագահին և կառավարությանը։

Պուտինը նաև ասել է, որ պատգամավորները պետք է ավելի ակտիվ լինեն ընտրողների հետ իրենց շփումներում, պետք է աշխատեն քաղաքացիական հասարակության և Պետդումա չանցած կուսակցությունների հետ։

Պուտինը հորդորել է հանել Ռուսաստան ներդրումներին խանգարող օրենսդրական խոչընդոտները, ինչպես նաև հայտարարել է, որ պետք է ընդունել փաստաթղթեր, որոնք թույլ չեն տա իրավապահ մարմիններին տարբեր ընկերություններում տեղի-անտեղի ստուգումներ անցկացնել։

Իսկ պետական առաջնայնությունների շարքում Ռուսաստանի նախագահը ընդգծել է՝ երկրի անվտանգության և պաշտպանվածության ուժեղացումը։

Պուտինը նաև հիշեցրել է, որ անցած Պետդուման, որն աշխատում էր Սերգեյ Նարիշկինի ղեկավարությամբ, երկրի համար, Պուտինի գնահատմամբ, պատմական պահերին միասնական դիրքորոշում էր ցուցաբերում։ Նա նկատի ուներ Ռուսաստանին Ղրիմը միացնելու մասին որոշումը, որն ընդունվել էր 2014 մարտին գրեթե միաձայն։

Հավելենք նաև, որ ինչպես և սպասվում էր, Պետդումայի նոր խոսնակ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, ով մինչ այդ զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի առաջին տեղակալի պաշտոնը, հենց այս պաշտոնյան է Ռուսաստանում պատասխանատու ներքին քաղաքականության համար։

Հիշեցնենք. սեպտեմբերի 18 ին Ռուսաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունների, որին մասնակցեցին նաև համակարգից դուրս ընդդիմադիր լիբերալ կուսակցությունները, Պուտինին կոշտ քննադատող «Յաբլոկո» և «Պառնաս» կուսակցությունների մասին է խոսքը, սակայն, նրանք չեն կարողացել Պետդումա անցնելու համար բավարար քվե հավաքել։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում 2018 թվականին են լինելու։

XS
SM
MD
LG