Մատչելիության հղումներ

Սարի թաղում «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով նախաքննությունն ավարտվեց


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ ավարտվել է Սարի թաղում «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։

Ըստ ՀՔԾ-ի, հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է «Ազատության» լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

«Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Տիգրան Ահարոնյանը նկատել է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող և իրադարձությունները տեսանկարահանող լրագրող Հովհաննես Մովսիսյանին, կարծել է, թե լրագրողը տեսանկարահանում է իրեն, և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ, վիճաբանել է նրա հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Տ. Ահարոնյանը լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՀՔԾ-ի, այս կերպ՝ Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

«Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Տ. Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը)», - ասված է հաղորդագրությունում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG