Մատչելիության հղումներ

logo-print

Լևոն Զուրաբյան․ «Գնացել է փողի, կլանային ազդեցության, կրիմինալի, մաֆիոզային ազդեցության պայքար»


Ոչ վաղ անցյալում ընդդիմադիր առաջատար ուժերից մեկը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թե՛ Գյումրիում և թե՛ Վանաձորում չի կարողացել հաղթահարել անցողիկ 6-տոկոսանոց շեմը:

Առաջին նախագահի թիմում, սակայն, համոզված են՝ խոշոր քաղաքներում անցկացված քվեարկությունը չի արտացոլում իրական տրամադրությունները, ուստի ՀԱԿ-ը չի հրաժարվելու իշխանափոխության ծրագրից:

Կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց․ - «Ոչ ոք չի արել ընտրակաշառքի բաժանում էն հին ձևերով, երբ որ ափաշկյարա, ոնց որ ժողովուրդն է ասում, ընտրատեղամասի կողքը կանգնում էին, կամ «Գազել»-ներում, կամ ինչ-որ մեկի բնակարանում, ժողովուրդը հավաքվում էր, ընտրակաշառքը ստանում էր՝ գնում էր քվեարկում էր, կամ հակառակն էր անում՝ քվեարկում էր՝ գնում էր ընտրակաշառք էր ստանում, էդ տեսարաններին բազմիցս ծանոթ եք եղել: Էս անգամ նման բան չի եղել, կիրառվել են ցանցային մեթոդներ, երբ որ, չգիտեմ, մեկին կոնյակ են տալիս, մեկին ակնոց են տալիս, մեկին վարսավիրանոցի տալոն են տվել, հազար ու մի բան․․․»:

«Իսկ որոշ կուսակցություններ անցան հետևյալ ստրատեգիային՝ օրինակ, մի բրիգադիր են վերցնում, որ ասում է՝ «պետք է 20 ձայն բերեմ», ասում են՝ «20 ձայն ես բերում՝ քեզ 20 հազար [դրամ], երբ որ մենք այդ թաղամասից կստուգենք, կստանանք էդ 20 ձայները, կստանաս ևս 30 հազար»: Էս մեթոդներով է ամեն ինչ եղել: Կուսակցություն կա՝ շչեբեն է փռել», - շարունակեց Զուրաբյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցերի նշելով․ - «Հիմա չեմ կարող ապացուցել, որովհետև հետս չունեմ ո՛չ տեսագրություն, ո՛չ ձայնագրություն, ոչ էլ ես դատախազ եմ կամ քննիչ եմ: Ես ձեզ ասում եմ, որ էդ բաները կիրառվել են, մասսայաբար, Վանաձորում էլ, Գյումրիում էլ, և դա արել են բազմաթիվ կուսակցություններ: Քարոզչության ֆակտոր չի եղել, ծրագրային ֆակտոր չի եղել, ցփնել են փողը: Կուսակցություններ կան՝ մի քանի հարյուր հազար [դոլար] գումար են ծախսել էդ ընտրությունների վրա: Գյումրիում կոնկրետ մի քանի կուսակցություն էդ գումարի փողեր են ծախսել՝ էդ էն շատ հավաքածներն են»:

«Գնացել է փողի, կլանային ազդեցության, կրիմինալի, մաֆիոզային ազդեցության պայքար: Էդ պայքարում գաղափարական ուժերը անելիք չունեն՝ մենք ընդամենը կատարել ենք մեր պարտավորությունները», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Հարցին՝ այս վիճակով իրենց կհաջողվի՞ մի քանի ամսից անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում հաղթահարել անհրաժեշտ շեմը և հայտնվել խորհրդարանում, Լևոն Զուրաբյանը հակադարձեց․ - «Ի՞նչ անհրաժեշտ շեմի մասին է խոսքը, դուք էդ շեմերի մասին մոռացեք, խոսքը գնում է իշխանափոխության մասին՝ մենք այլ նպատակ մեր առաջ չենք դնում․ Հայաստանի ամենաքաղաքականացված ընտրություններում՝ առաջ նախագահականն էր, հիմա Ազգային ժողովինն է դա դառնում, այդ ամենաքաղաքականացված ընտրություններում դուրս գալ քաղաքական արմատական ուղերձով, իշխանափոխության ուղերձով և ձևավորել ընդդիմադիր բևեռ, որը ի վիճակի է իշխանություններին հեռացնել: Եվ դրա համար, այո, մենք պետք է լինենք մարտունակ վիճակում՝ ռեսուրսային մեր բազան վերափոխած, մարդկային մեր բազան վերափոխած, իհարկե, պիտի գնանք դրան»:

XS
SM
MD
LG