Մատչելիության հղումներ

logo-print

Ինչպե՞ս դառնալ միլիարդատեր պուտինյան Ռուսաստանում․ հարցի պատասխանը գտնելու համար ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն ուսումնասիրել է խորհրդային տարիներին ոչինչ չունեցող, այսօր՝ երկրի ամենահարուստ գործարարներից մեկի՝ Եվգենի Պրիգոժինի անցած ճանապարհը:

«Նա, իսկապես, ստորին խավից դուրս եկած հասարակ մի տղա է, որին 1979 թվականին նույնիսկ դատապարտել են գողության համար, երկու տարի անց՝ կրկին դատապարտել, այս անգամ՝ առավել ծանր հոդվածով: Ընդհանուր առմամբ, նա 9 տարի է անցկացրել կալանավայրում», - պատմում է Նավալնին՝ փաստելով․ - «Հաջողության հասնելու լավագույն ճանապարհը չէ, անշուշտ, սակայն շուտով փլուզվել է Խորհրդային Միությունը, մեր հերոսը սկսել է զբաղվել բիզնեսով: Նախ պարենային խանութի տնօրեն է եղել, հետո՝ սեփական ռեստորանը բացել: Եվ այստեղ բախտը ժպտացել է նրան»:

«2001 թվականին Պրիգոժինի ռեստորան է եկել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Գործարարը ջանք չի խնայել բարձրաստիճան հյուրին գոհացնելու համար, անձամբ է սպասարկել, կատակել, յուրահատուկ ձևով անձեռոցիկներն ու ափսեները մատուցել, և նրան նկատել են... Սկզբում Պրիգոժինը ընկերացել է Պուտինի վարորդի, հետո՝ թիկնապահի հետ, ապա՝ դարձել պուտինյան ցերեկույթների ու միջոցառումների գլխավոր կազմակերպիչը» , - փոխանցում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը:

Նավալնու հետաքննությունը փաստում է, որ Պուտինի հետ մտերմանալուց անմիջապես հետո գործարարի բիզնեսը սկսել է ծաղկել, նրան են տրվել բազմամիլիոնանոց պետական պատվերներ․ - «Սկզբում նա կերակրում էր միայն Պուտինին, հետո՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի մասնակիցներին, Մեդվեդևի երդմնակալությունը կազմակերպելուց հետո արդեն նրան է տրվում Մոսկվայի դպրոցներին սնունդ մատակարարելու մենաշնորհը, Պրիգոժինը դառնում է միլիարդատեր: Մեկ տարի անց, կախարդական փայտիկով՝ շահութաբեր այս ոլորտին ավելանում է ևս մեկը՝ ոչ պակաս եկամտաբեր. մեր հերոսը ստանում է Ռուսաստանի զինված ուժերին սննդամթերք մատուցելու բացառիկ իրավունք»:

Սրանով, սակայն, Պուտինի խոհարարը չի սահմանափակվել, անցած տարիներին նրան են տրվել նաև Ռուսաստանի զինվորական ավաններին վառելիք ու շինանյութ մատակարարելու, պաշտպանության նախարարության օբյեկտները նորոգելու պետպատվերները: Այսօր արդեն, Կոռուպցիայի դեմ պայքարի ռուսաստանյան հիմնադրամի հաշվարկներով, Պրիգոժինը հսկայական առանձնատների, տասնյակ մեքենաների, սեփական ինքնաթիռի ու զբոսանավի տեր է դարձել: Ընդ որում, հիմնադրամի իրավաբանները նաև մի շարք փաստեր են բացահայտել, որոնք վկայում են, որ Պուտինի միլիարդատեր խոհարարը ստվերային գործարքների միջոցով ապօրինի գերշահույթ է ստացել՝ յուրացնելով նաև բանակին հատկացված միջոցները:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը աղմկահարույց այս փաստերն ուղարկել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն՝ պահանջելով հետաքննություն սկսել Պրիգոժինի դեմ:

Ի դեպ, հաջողակ գործարարը հայտնի է ոչ միայն իր ռեստորանների, այլև սոցիալական ցանցերի նկատմամբ հետաքրքրությամբ: Ըստ ընդդիմադիրների, հենց նրան են պատկանում Սանկտ Պետերբուրգում գործող երկու ստվերային կազմակերպություններ, որոնց աշխատակիցները տարբեր կեղծանուններով առավոտից երեկո համացանցում գովերգում են երկրի ղեկավարությանը, քարոզում են կառավարության տեսակետն ու անխնա քննադատում ընդդիմությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG