Մատչելիության հղումներ

Արդյոք սփյուռքահայերը պե՞տք է խառնվեն Հայաստանի գործերին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Ոչ բոլորն են համակարծիք այն հարցում, թե արդյոք սփյուռքահայերը պետք է խառնվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Միգուցե «խառնվել» բառը ճիշտ չի ընտրված, սակայն հայրենիքում տեղի ունեցող զարգացումներում ներգրավված լինելը և դրանց մասին խորապես մտահոգվելը պետք է մեծ հետաքրքրություն ներկայացնի բոլոր հայերի համար, քանզի դա նրանց բնօրրանն է:

Հայաստանում Սփյուռքի դերակատարության հարցը բարձրացվեց անցյալ ամիս, երբ 20 հայտնի հայեր, հիմնականում Սփյուռքից, հրապարակեցին «Արդարություն Հայաստանում» խորագրով դիմումագիր change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին արմատական փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական քաղաքականության մեջ: Սեպտեմբերի 19-ից մինչ օրս շուրջ 3000 հայեր և այլազգիներ տարբեր երկրներից միացել են այս ստորագրահավաքին:

Ստորագրահավաքի նախաձեռնողների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Ալեքս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Հասմիկ Պապյանը և Սեպուհ Սիմոնյանը: Նրանք պահանջում են վերջ դնել «կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին»:

Ստորագրահավաքի նախաձեռնողները նաև հայտարարել են, որ իրենք աջակից են «բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմանը, արդար և թափանցիկ ընտրություններում ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար վարձատրությանը, իշխանության տարանջատմանը, ազատ մամուլին և իրավազուրկների շահերի պաշտպանությանը»:

Այնուհետև նախաձեռնողները պահանջում են, որ «Հայաստանի քաղաքական ղեկավարները մարմնավորեն ազնվություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն հայ ժողովրդի հրատապ կարիքները հոգալու համար և այդպիսով ապահովեն հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարություն, որտեղ յուրաքանչյուր ձայն ուշագրավ է»:

Որպես հաջորդ շոշափելի քայլ նախաձեռնողները խնդրում են ամբողջ աշխարհի հայերին որպես ականատես և դիտորդ ներկա գտնվել Հայաստանում հաջորդ տարվա գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Ստորագրահավաքի նախաձեռնողներից մեկը՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, որը ձերբակալվել էր Երևանում այս տարվա հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, բաց նամակ է տարածել համացանցում՝ գործողության կոչ անելով սփյուռքահայերին: Խանջյանը լուրջ մտահոգություններ է առաջ քաշել Հայաստանում տիրող ներկա իրավիճակի մասին. - «Երկրի առաջ ծառացած են ահռելի ներքին խնդիրներ՝ պայմանավորված համակարգային կոռուպցիայով, հովանավորչությամբ և օլիգարխիկ տնտեսությամբ, երբ իշխանությունն ու հարստությունը կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքում: Օրենքի առջև բոլորի հավասարության բացակայությունը և սոցիալական առաջընթացի սահմանափակումները՝ զուգորդված խոսքի և մտքի ազատության, ինչպես նաև քաղաքացիական ազատությունների ու իրավունքների ճնշումներով, ավելի են բարդացրել հանրապետության առանց այդ էլ անտանելի իրավիճակը»:

Զարմանալի չէ, որ Հայաստանում ոմանք վրդովվել են սփյուռքահայերի նախաձեռնությունից և կոչ արել նրանց տեղափոխվել Հայաստան, եթե իրենք իսկապես շահագրգռված են երկրի բարեփոխման գործում:

Թեև բոլոր հայերը պետք է աջակցեն ստորագրահավաքի նախաձեռնողների արտահայտած վեհ նպատակներին, սակայն նրանց գաղափարներից մի քանիսը պարզապես երազային արտահայտություններ են: Առաջարկվող բարեփոխումներից ոչ բոլորն են իրականացվել նույնիսկ Միացյալ Նահանգներում: Սակայն, ես համաձայն եմ, որ հայերը պետք է ձգտեն աստիճանաբար հասնել իրենց նպատակներին, չնայած պետք է զգույշ լինել անիրագործելի նպատակների առաջքաշման մեջ՝ Հայաստանի քաղաքացիներին զերծ պահելով հետագա հուսախաբությունից և հիսաթափությունից:

Իմ կարծիքով, սփյուռքահայերը պետք է Հայաստանում ներգրավված լինեն կյանքի բոլոր բնագավառներում՝ և ոչ միայն հեռվից դիմումագրեր և առաջարկություններ անեն: Նրանք չպետք է պարզապես զբոսաշրջիկ լինեն իրենց հայրենիքում: Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման մի ուղին Հայաստանի Հանրապետությունում սփյուռքահայերին քվեարկելու և առաջադրվելու իրավունք տալն է: Ինչպես կիրառվում է Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում, պետք է Հայաստանի Ազգային ժողովում մի քանի աթոռ հատկացնել սփյուռքահայերին, որոնք պետք է լինեն ավելին, քան պարզապես նվիրատուներ կամ «կթան կով»... Չնայած Հայաստանի Սահմանադրությամբ թույլատրված երկքաղաքացիությանը՝ շատ քիչ թվով սփյուռքահայեր են օգտվել այդ հատուկ արտոնությունից, որը կարող է ևս մի կարևոր կապ ստեղծել հայրենիքի հետ...

Աստիճանաբար, երբ օրենքի գերակայությունը ամուր հիմքերի վրա դրվի Հայաստանում և սոցիալական անհավասարությունը նվազի, սփյուռքահայերը վստահություն ձեռք կբերեն ներդրումներ անելու իրենց հայրենիքում, ինչը կհանգեցնի աշխատատեղերի ստեղծման և արտագաղթի կրճատման: Հավանաբար որոշ ներգաղթ էլ լինի Սփյուռքից դեպի Հայաստան: Բարելավված կենսապայմանները կնվազեցնեն նաև առճակատումը իշխանությունների հետ, որը կարող է ապակայունացնել երկիրն այն պահին, երբ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են Հայաստանի անվտանգությանը...

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները համարժեք դարձնելու համար, չպետք է վրդովվել, եթե Հայաստանի իշխանություններն էլ «խառնվեն» սփյուռքահայ համայնքների կյանքին: Ի վերջո, ամենևին կարևոր չէ, թե ով, որտեղ, ում գործերին է խառնվում, պայմանով, որ վերջնական արդյունքը համապատասխանի համայն հայության գերագույն շահերին...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG