Մատչելիության հղումներ

Սիրիացի իրավապաշտպաններ. Ասադի վարչակազմը շարունակում է ռմբակոծել Հալեպում ընդդիմության թիրախները


Սիրիացի իրավապաշտպանների հաղորդմամբ, Ասադի վարչակազմը շարունակում է ռմբակոծել Հալեպի՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող թաղամասերը:

Տեղից ստացվող վերջին հաղորդումների համաձայն, կառավարական զորքերը հիմնականում գրավել են քաղաքի կենտրոնն ու այժմ արդեն կրակի տակ առել հյուսիսային հատվածները:

Լոնդոնում գործող դիտորդների տվյալներով, հրադադարի մասին ռուս-ամերիկյան համաձայնության տապալումից հետո տեղում ավելի քան 400 խաղաղ բնակիչ է զոհվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկով անցած տասներկու օրվա ընթացքում Հալեպում 106 երեխա է սպանվել:

«Այն, ինչ կատարվում է հիմա՝ իսկական աղետ է», - ահազանգում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը՝ կոչ անելով միջազգային հանրությանը շտապ քայլեր ձեռնարկել:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ևս հորդորել է Մոսկվային ու Վաշինգտոնին` վերսկսել երկխոսությունը հրադադարի հաստատման շուրջ:

Ավելի վաղ՝ երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել էր, թե Վաշինգտոնը դադարեցնում է այս հարցով համագործակցությունը Մոսկվայի հետ:

«Մենք խիստ ցավով և մեծ զայրույթով ենք ընդունում փաստը, որ Ռուսաստանը աչք է փակում Ասադի վայրագությունների վրա», - այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին՝ հավելելով. - «Ռուսաստանը կայացրել է անպատասխանատու ու խիստ անխոհեմ որոշում՝ նույնացնելով իր շահերն ու վարկանիշը մի մարդու հետ, որը պատասխանատու է ավելի քան տասը հազար մարդու կտտանքների ենթարկելու և սեփական ժողովրդին կոտորելու համար»։

Կրեմլն իր հերթին է մեղադրում Միացյալ Նահանգներին՝ պնդելով, թե հենց Վաշինգտոնն է մեղավոր հրադադարի համաձայնությունը ձախողելու համար: «Ցավոք, հենց սկզբից քիչ չէին ուժերը, այդ թվում՝ ամերիկյան վարչակազմում, որ ուզում էին տապալել ռուս-ամերիկյան համաձայնությունը: Խորին ցավով պետք է նշեմ, որ երեկ դա կարողացան անել նրանք, ովքեր դեմ են սիրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը, և ակնհայտորեն հիմա ռազմական սցենար են մոգոնում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ավելին, ռուսական կողմը պնդում է, թե հենց ամերիկացիներն են մեղավոր երեկ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա իրականացված հարձակման համար: «Չնայած այս ամենին, Ռուսաստանը չի լքի Սիրիան և կշարունակի աշխատել` ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ», - հայտարարել է երկրի արտգործնախարարությունը:

Խոսելով խնդրի խաղաղ կարգավորման մասին՝ Կրեմլը միաժամանակ Պետդումա է մտցրել Սիրիայի տարածքում ռուսական օդուժի տեղակայման մասին՝ Դամասկոսի հետ կնքած համաձայնագիրը։ Ակնկալվում է, որ օրենսդիր մարմինն այն կվավերացնի արդեն այս շաբաթվա վերջին:

Ավելի վաղ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցրել էր զինագործական պլուտոնիումը ոչնչացնելու մասին դեռ 2000 թվականին ստորագրված ռուս-ամերիկյան համաձայնագիրը՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ:

Կրեմլը, մասնավորապես, Վաշինգտոնից պահանջում է դադարեցնել ռուսական կառույցների ու ռուս պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև փոխհատուցել այդ սահմանափակումների հետևանքով Ռուսաստանին հասցված վնասը:

Նահանգներից արդեն հայտարարել են՝ Պուտինի դեմարշը արդյունք չի տա: «Եթե նրան թվում է, թե կարող է վախեցնել Միացյալ Նահանգներին, չարաչար սխալվում է», - հայտարարել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ, դեմոկրատ Էլիոթ Ինգըլը:

«Պուտինին թվում է, թե կարող է անել՝ ինչ ուզի, իսկ դա շատ վտանգավոր է», - «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է պետքարտուղարի նախկին օգնական, փորձագետ Դեյվիդ Քրեյմերը` շարունակելով. - «Մոսկվայի արածը խիստ վրդովվեցնող է, և սա միակ դեպքը չէ: Այն, ինչ Կրեմլն իրեն թույլ է տալիս Սիրիայում, ընդհանրապես քաղաքակիրթ պահվածքի մեջ չի տեղավորվում, Ուկրաինայում կատարվողը ևս մեծ հետևանքներ ունի, իսկ պայմանները, որ նա առաջադրում է համաձայնագիրը վերականգնելու համար, ընդհանրապես անհեթեթ են»:

Հարցին, թե ի՞նչ կարող է անել այս պայմաններում Սպիտակ տունը, փորձագետը պատասխանել է՝ Միացյալ Նահանգները պետք է ոչ թռիչքային գոտի սահմանի Սիրիայում՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար՝ զգուշացնելով Ասադի վարչակազմին ու Ռուսաստանին, որ արգելված գոտի մտնող ինքնաթիռները ոչնչացվելու են:

Երկկողմ բավական լարված այս հարաբերությունների պայմաններում այսօր ավելի ուշ Մոսկվա կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը:

Պետքարտուղարության հաղորդմամբ, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը մտադիր է ռուսական կողմի հետ քննարկել իրավիճակը Արևելյան Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG