Մատչելիության հղումներ

logo-print

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից հավաքականների թիվը 32-ից կարող է հասցվել 48-ի


ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինո, արխիվ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինո, արխիվ

Չի բացառվում, որ արդեն մի քանի տարի հետո ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների թիվը կտրուկ կերպով աճի` 32-ից հասնելով 48-ի: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա այցի ժամանակ նման առաջարկով է հանդես եկել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն:

Բոգոտայի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ինֆանտինոն հայտարարել է, որ եթե ՖԻՖԱ-ի խորհրդի` գալիք հունվարին կայանալիք նիստի ընթացքում առաջարկը հավանության արժանանա, նորամուծությունն ուժի մեջ կմտնի արդեն 2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում: «ՖԻՖԱ-ի գործունեության հիմքում ողջ աշխարհում ֆուտբոլի զարգացման գաղափարն է: Աշխարհի առաջնությունը զուտ մարզական միջոցառում չէ, դա սոցիալական երևույթ է», - ըստ ЕSPN կայքի՝ հայտարարել է Ինֆանտինոն կոլումբիացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Փետրվարին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնած Ջաննի Ինֆանտինոյի առաջարկի համաձայն՝ ընտրական փուլում առավել հաջող հանդես եկած 16 ազգային հավաքականները իրավունք կստանան առանց նախնական հանդիպումների միանգամից ընդգրկվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խմբային մրցաշարում: Ընտրական փուլում ավելի քիչ միավորներ հավաքած մյուս 32 հավաքականները ևս կժամանեն աշխարհի առաջնության կազմակերպիչ պետություն` վիճակահանությամբ 16 զույգերի բաժանվելով և առաջնության խմբային մրցաշարի մեկնարկից երեք օր առաջ մրցելով միմյանց դեմ: Նախնական հանդիպումների հաղթողները հնարավորություն կստանան պայքարը շարունակել աշխարհի առաջնության խմբային մրցաշարում: Փաստորեն, նախնական փուլի` այսպես կոչված play-off-ի անհաջողակները աշխարհի առաջնության ընթացքում ընդամենը մեկ հանդիպում կանցկացնեն: Ֆուտբոլային մասնագետների համոզմամբ, սակայն, նույնիսկ 90 րոպե աշխարհի առաջնության ձևաչափում անցկացնելու հեռանկարը շատ գրավիչ կլինի ֆուտբոլային ոչ առաջատար պետությունների հավաքականների համար, որոնք էլ կարող են ՖԻՖԱ-ի խորհրդի նիստի ընթացքում կողմ քվեարկել Ինֆանտինոյի առաջարկին:

Շոտլանդիայի հավաքականի մարզիչներից մեկը` Մարկ ՄըքԳին BBC-ին տված հացազրույցում նշում է, որ այս առաջարկը կարող է հնարավորություն տալ այսօր լայն ֆուտբոլային հանրությանն անհայտ ազգային հավաքականներին՝ փորձ կուտակել և միջազգային ճանաչման հասնել:

«Ես կողմ եմ աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացմանը: Դա մեր բոլորի ցանկությունն է: Մենք տեսանք, որ Եվրոպայի առաջնության ընթացքում թիմերի քանակն ավելացավ, և, ասենք, Իսլանդիան հրաշալի խաղ ցուցադրեց», - նշում է շոտլանդացի ֆուտբոլային մասնագետը` չբացառելով, որ աշխարհի առաջնության նոր ձևաչափը ևս կարող է անակնկալներ մատուցել:

XS
SM
MD
LG