Մատչելիության հղումներ

logo-print

Տարածքների օկուպացիան այն գինն է, որ վճարում ենք անկախության համար․ Մարգվելաշվիլի


Այս շաբաթ Վրաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունների նախօրեին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հարցազրույց է տվել «Ազատության» ռուսական ծառայությանը։

Անդրադառնալով ռուս –վրացական քաղաքական հակամարտությանը 2008 –ի կարճատև պատերազմից հետո Մարգվելաշվիլինմասնավորապես ասել է․- «Այդ խնդիրը ի վիճակի է կարգավորել միայն բարի կամքը։ Այլ ներուժ անիմաստ այս հակամարտությունը կարգավորելու համար գոյություն չունի։ 2008-ին ռուսական բանակը օկուպացրել է Վրաստանի երկու շրջանը։ Սա ողբերգական իրավիճակ էր մեր երկրի, վրացի ժողովրդի և վրացական պետության համար։ Սա այն գինն է, որ մենք վճարում ենք մեր ազատության և անկախության համար»։

Սրա հետ մեկտեղ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ աբխազները կամ օսեթները չեն սկսել ավելի լավ ապրել 2008-ից հետո, երբ Ռուսաստանը ճանաչել է այդ տարածքների անկախությունը, որևէ նոր հեռանկար այդ շրջանների բնակչության համար չի բացվել:

Վրաստանի նախագահի կարծիքով, որևէ ներռուսական հարց նույնպես չի լուծվել 2008 –ի պատերազմից հետո:

«Չեմ կարծում, որ այն որ Սուխումում կամ Ցխինվալիում կանգնած են ռուսական զորքեր, որևէ ձևով ազդել է ռուսաստանցիների կյանքի մակարդակի վրա, լուծել է դեմոգրաֆիայաի հարցը, կամ բարեփոխումներին է նպաստել: Հակառակը, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը միջազգային խնդիրներ է առաջացրել Ռուսաստանի համար», - ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը քննադատել է նաև միջազգային հանրությանը՝ Վրաստան զորքեր մտցնելու, իր ձևակերպմամբ, «Մոսկվայի աբսուրդ գործողությունները» ինչ-որ ձևով բացատրելու փորձերի և Ռուսաստանի քաղաքականությանը սկզբունքային և կոշտ պատասխան չտալու համար։

Մարգվելաշվիլին նեղսրտում է, որ հետխորհրդային երկրների վրա միջազգային իրավունքի նորմերը լիարժեք չեն տարածվում, քանի որ համարվում են Ռուսաստանի համար հատուկ հետաքրքրությունների գոտի։

«Արևմուտքը, ցավոք չի գիտակցել 2008-ի կատարվածի ամբողջ աբսուրդն ու ողբերգությունը, որպես հետևանք ստացել ենք 2014-ին ուկրաինական ռազմական դաշտը։ Իսկ Մոսկվան, արդեն ունենալով 2008-ի փորձը, գործել է ավելի կազմակերպված, և սրընթաց, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը կարծում էր, որ 2008-ի ագրեսիվ քաղաքականությունը նորմալ է», - «Ազատության» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահը:

«Արևմուտքը պետք է հստակ ասի, որ Վրաստանը, Ուկրաինան, և Ռուսաստանի մյուս հարևան երկրները դիտարկում է որպես ինքնիշխան պետություններ»։

Գեորգի Մարգվելաշվիլին ընդգծել է նաև, որ 2012-ից սկսած, երբ եկել էին իշխանության, միշտ ընդգծել են, որ միանշանակ գնում են դեպի Եվրամիություն և ՆԱՏՈ, և Վրաստանի այս քաղաքականությունը չի փոխվել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հնարավոր հանդիպմանը, Մարգվելաշվիլին ասում է, որ նման հանդիպման պատրաստ է, եթե Ռուսաստանը խոստովանի, որ 21-րդ դարում Վրաստանում տեղի են ունեցել էթնիկ զտումներ:

«Ռուսաստանը պետք է նաև գիտակցի, որ Վրաստանը ուզում է բարեկամական հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ մի պայմանով․ ռուսները պետք է ճանաչեն մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը»:

Հարցազրույցի վերջում Մարգվելաշվիլին անդրադարձել է նաև նախկին նախագահ Սաակաշվիլիին և Ուկրաինայի հետ հարաբերություններին։ Մասնավորապես ասել է, որ Սաակաշվիլիի հետ կապված Վրաստանի հայտարարությունները երբեք դուրս չեն եկել դիվանագիտության հարթակից։ Սակայն ակնարկել է, որ նման մոտեցում նաև ակնկալում են Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

XS
SM
MD
LG