Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարար․ Տարեվերջին պետական պարտքը կմոտենա 6 միլիարդ դոլարին


Ֆինանսների նախարար Վարդան Արամյան
Ֆինանսների նախարար Վարդան Արամյան

Մինչև տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կմոտենա աննախադեպ՝ 6 միլիարդ դոլար սահմանագծին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նման կանխատեսում արեց ֆինանսների նախարարի պաշտոնում երկու շաբաթ աշխատած Վարդան Արամյանը:

«Պետական պարտքին պետք է գումարենք նաև ներքին պարտքը, դա էլ, եթե չեմ սխալվում, դոլարային մոտավորապես գնահատականը ևս մինչև տարեվերջ 934 միլիոն դոլար է կազմում։ Երբ գումարում ենք, դա շուրջ 5.8-ից 5.9 միլիարդի կարգի է լինում տարվա վերջին», - ասաց նախարարը։

Եթե տարվա վերջին, ինչպես ասաց Արամյանը, պետական պարտքը մոտենա 6 միլիարդ դոլարին, ապա ստացվում է, որ միայն այս տարի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների անունից շուրջ 1 միլիարդ դոլար վարկ են վերցրել:

Թե ինչո՞ւ են իշխանությունները նման սրընթաց կերպով պարտքեր կուտակում, Արամյանը բացատրեց հետևյալ կերպ՝ Ռուսաստանում տնտեսության վիճակն է վատացել, հետևաբար, դեպի Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, բացի այդ, անկում են ապրել պղնձի գները:

«700 միլիոն կրճատումը տրանսֆերտների եղել է 2014-2015 թվականներին։ Մենք 2016 թվականին ևս ունենալու ենք 140 միլիոնի շուրջ, դա գնահատական է, էդքան կրճատում։ Մոտավորապես 10 տոկոսանոց անկում է նկատվում տրանսֆերտների, որի հիմնական պատճառը ևս Ռուսաստանի տնտեսությունն է, որ այս տարի մենք կունենանք լրացուցիչ ևս 1.2 տոկոս անկում Ռուսաստանի տնտեսության համար», - ասաց նախարարը։

«Ազատության» հարցին, թե նման պարտքը վտանգավոր չէ՞ Հայաստանի տնտեսության համար, և ռիսկ չկա՞, որ երկիրը կհայտնվի սնանկացման եզրին, ֆինանսների նախարարը պատասխանեց. - «Տենց ռիսկ միշտ էլ ապագայում լինում է, միշտ, եթե, օրինակի համար, ես 2017 թվականը տանեի մի բյուջե, որը որ պակասուրդի նվազում չի կանխատեսում, այդ ռիսկը, ես կասեի` ավելի է մեծանում»։

Վարդան Արամյանը մանրամասնեց, եթե գալիք տարվա պետական բյուջեում չկրճատեին ծախսերը և չավելացնեին եկամուտները, այդ ռիսկը կաճեր:

«2014-2015 թվականներին, Հայաստանի տնտեսությունը շոկ է ապրել»

Այսօր նախարարը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց. պարզվում է երկու տարի շարունակ՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք, 2014-2015 թվականներին, Հայաստանի տնտեսությունը շոկ է ապրել, ինչի մասին, փաստորեն, նախորդ կառավարությունը լռել է, թեև Կարեն Կարապետյանի կառավարության անդամների մի զգալի մասը նախորդ կառավարության կազմում էին:

Ի դեպ, 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո առաջին անգամ է, որ կառավարության ներկայացուցիչը նման ձևակերպմամբ է խոսում երկրի տնտեսության մասին:

«Մեր տնտեսության համար, որպեսզի մենք կարողանանք բարելավենք մեր սոցիալական ցուցանիշները, առնվազն մենք պետք է ունենանք 4-ից 4.5 տոկոս տնտեսական աճ։ Դրանից բարձր տնտեսական աճը, բնականաբար, տանելու է նրան, որ մենք ավելի արագ ենք գնալու բարելավման։ Դրա համար այս տարիները ես կկոչեի, որ սա կայունության տարի է, երկու տարի մենք ունեցանք շոկ, շոկից հետո պետք է վերականգնել, դա էլ լինելու է 2017 թվականը, դրանից հետո ես կարծում եմ, մենք կկարողանանք ավելի բարձր աճերով գնալ», - հայտարարեց նախարարը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականին տնտեսական աճը կազմել է 3.6 տոկոս, 2015 թվականին՝ 3 տոկոս:

Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում ունեցած իր հրաժեշտի ելույթում հեռացող վարչապետ Աբրահամյանը անգամ խոսեց նախորդ մեկուկես տարում գրանցված որակական նոր տնտեսական աճի մասին: «Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճը ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի», - ասել էր Աբրահամյանը։

Վերդառնալով Վարդան Արամյանի ներկայացրած թվերին՝ պարզ է դառնում, որ այս ու մյուս տարի ևս Հայաստանում չեն կարողանա բարելավել սոցիալական ցուցանիշները, որովհետև 2016 թվականին սպասվում է առավելագույնը 2.4 տոկոս տնտեսական աճ, իսկ 2017 թվականին՝ 3.2 տոկոս: Մինչդեռ, սոցիալական վիճակը բարելավելու համար, ինչպես ասաց ֆինանսների նախարարը, պահանջվում է առնվազն 4-ից 4.5 տոկոս աճ:

Արամյանն այսօր չնշեց, թե Հայաստանը ե՞րբ կկարողանա հասնել տարեկան նման տնտեսական աճի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG