Մատչելիության հղումներ

«Հայկական վերածնունդ»-ը ԱԺ-ում կբարձրաձայնի «Նաիրիտ»-ի հարցը


«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը զրուցում է նաիրիտցիների հետ, 4-ը սեպտեմբերի, 2016թ.

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը զրուցում է նաիրիտցիների հետ, 4-ը սեպտեմբերի, 2016թ.

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ ի աջակցություն «Օրինաց երկիր» (ՕԵԿ) խմբակցության նախագծի։

ՕԵԿ պատգամավորները բարձրաձայնելու, ապա նաև քվեարկության են դնելու «Նաիրիտ» գործարանին հարկային արտոնություններ տալու և այն վերագործարկելու մասին նախագիծ։

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նաիրիտցիներին խոստացավ, որ շուտով լավ նորություն կունենան նրանց համար։ «Լավ նորությունն այն է, որ աշխատանքի խնդիր է լինելու, աշխատանքի հարց է լինելու, ու պայքարելու ենք, սկզբունքորեն, մենք գնալու ենք մինչև վերջ այս հարցում, որովհետև այս հարցը ոչ միայն ձեր հարցն է, սա ոչ միայն արդյունաբերության խնդիր է, սա մեր երկրում սոցիալական արդարության առաջնային ամենացցուն խնդիրներից մեկն է, եթե չի լուծվում «Նաիրիտ»-ի հարցը, ուրեմն սոցիալական գոնե արդարության նվազագույն չափի վրա կարելի է խաչ քաշել», - ասաց Շահգելդյանը։

Պատգամավորի խոսքով, իրենք փորձում են օրենքի նախագծի ընդունման համար ապահովել առավելագույն ձայներ, ինչպես նաև պայքարելու են, որ պետական երաշխիքներ լինեն։

Ցուցարարներից մեկը մեղադրեց պատգամավորին՝ ասելով՝ ինչու խորհրդարանում հարց չի բարձրացվում այն մասին, թե ինչ եղավ, որ բոլորը երես թեքեցին տարածաշրջանում խոշոր կաուչուկ արտադրող գործարանից. - «Ռուսաստանի մասշտաբով, արտասահմանի մասշտաբով կաուչուկը չէ՞ր բոլորին կերակրում, ի՞նչ եղավ հիմա, որ բոլորը թեքվեցին հետ, ի՞նչն է պատճառը։ Այ էդ հարցը դրեք, ասեք՝ խնդրում եք ժողովրդի կողմից»։

Նաիրիտցիներն ասում են, որ իրենց համար կարևոր չէ, թե ով է հարցը բարձրացնում Ազգային ժողովում, կարևորը համախմբումն է և գործարանի վերագործարկումը։

Ցուցարարները նաև կոչ են անում իշխանություններին՝ հետևողական լինել և թույլ չտալ, որ գործարանից որևէ բան վաճառվի։ «Մենք տեղեկություն ունենք, որ «Նաիրիտ»-ից գույք են հանում և անձնական նպատակներով վաճառում են, մենք նորից ենք դիմում բոլորին, այն մարդկանց, ովքեր պատասխան են տալու դրա համար, որպեսզի պահեստներից ոչինչ չվաճառվի», - ասացին ցուցարարները։

Ավելի վաղ նաիրիտցիները նամակ էին ուղարկել երկրի նախագահին։ Այսօր նախագահական նստավայրից խոստացել են, որ առաջիկա հինգշաբթի օրը վարչապետը կընդունի նրանց, հանդիպում կլինի ներդրողների հետ։

Հիշեցնենք, որ վարչապետ նշանակվելու հաջորդ իսկ օրը Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում մտահոգություն էր հայտնել, թե չափազանց ռիսկային է ներդրումներ անել այնտեղ, որտեղ գուցե ապագա չկա։

«Ինձ շատ անհանգստացնում է, երբ որ պետենցիալ ներդրողները գալիս են և «Նաիրիտ»-ի մասին խոսում են՝ չունենալով հեռանկարային 10-15 տարվա վերաբերյալ էներգակիրների որևիցե կանխատեսում, ելնելով դրանից մենք պետք է որ իլյուզիաներից հրաժարվենք, նստենք թուղթ ու գրիչով խոսենք, մենք երրորդ, թե չորրորդ փորձն ենք արել։ Էդ երրորդ, թե չորրորդ փորձը, թե բյուջեի, թե այլ ճյուղերի վրա բավականին մեծ թիվ է նստում, և հերթական փորձը՝ փողը նույնպես վատնել մի բանի մեջ, որը որ գուցե ապագա չունի, կարծում եմ, այս պահին չափից դուրս ռիսկային է», - ասել էր վարչապետը։

XS
SM
MD
LG