Մատչելիության հղումներ

2017-ի ԱԺ ընտրություններից առաջ ՀԱԿ-ը փոխում է վարչության կազմը


Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյան

Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը նոյեմբերին կփոփոխի կուսակցության վարչության կազմը: Ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի պնդմամբ, պատճառը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները չեն: Խնդիր է դրվում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հասնել իշխանափոխության:

«Այո, մենք ընդունում ենք, որ 2017 թվականին էդ ճակատամարտին իշխանափոխության ճակատամարտին պետք է մոտենալ նոր ռեսուրսային հնարավորություններով վիճակում, դա մենք ընդունում ենք և դա մենք նախաձեռնել ենք», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Կիրակի Վանաձորի ու Գյումրիի ընտրություններում ՀԱԿ-ը զբաղեցրեց վերջին հորիզոնականը, մոտ 90 հազար ընտրողներից ստանալով հազարից մի փոքր ավելի ձայն՝ զիջելով անգամ մի շարք նորաստեղծ կուսակցությունների: Զուրաբյանի պնդմամբ, ՏԻՄ արդյունքները վարկանիշի ցուցիչ չեն, ընտրություններն անցել են բազմատեսակ խախտումներով, ուստի կուսակցության վարչությունը հրաժարական չի ներկայացնի:

«Հայաստանում նման մոտեցումը կնշանակեր հենց այդ ընտրակեղծարար իշխանությունների հաղթանակը: Դու դուրս ես գալիս իրենց դեմ պայքարելու, իրենք կեղծում են ընտրությունները, ու հետո դրա պատճառով դու պիտի հրաժարական տաս: Դա մի աբսուրդ է ինձ համար: Դրանով մենք իսկապես լեգիտիմացնում ենք այդ ընտրակեղծարարությունը», - նշեց ՀԱԿ փոխնախագահը:

ՀԱԿ-ը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին Գյումրիում և Վանաձորում ստացել էր 8 հազարից ավելի քվե: Կիրակի օրը արձանագրված մոտ տասն անգամ ցածր ցուցանիշը կուսակցությունը չի կապում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Լևոն-Տեր-Պետրոսյան հայտնի հանդիպման հետ:

«Ընտրությունների հետ էս պրոցեսը որևէ առնչություն չունի: Ժողովրդավարական աշխարհում նման բան գոյություն չունի: Սա եղել է փողի աուկցիոն : Եթե անգամ նման տեսակետը ճիշտ լիներ, մեզ համար ավելի կարևոր է մեր սկզբունքները մեր գաղափարախոսությունը: Մենք ինչ քայլ անում ենք, մենք մտածում ենք պետության շահի մասին, ոչ թե մեր կուսակցության ռեյտինգը կամ ինչ-որ դիվիդենտենր քաղելը: Դիվիդենտենր քաղելու համար կարող է ավելի օգտակար լինի ՊՊԾ-ներ գրավելը, կամ չգիտեմ ինչ անել, մենք միևնույնն է դա չենք անի», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Ի դեպ խորհրդարանական ընտրություններին նոր կազմով կմասնակցի նաև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: ՏԻՄ ընտրություններում չհաղթահարելով սահմանված նվազագույն շեմը կուսակցության վարչությունը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին, նոր անդամները կընտրվեն հոկտեմբերի 30-ի համագումարին:

XS
SM
MD
LG