Մատչելիության հղումներ

Պետդեպ. ԱՄՆ-ը շարունակում է ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ


Էլիզաբեթ Թրյուդո, արխիվ
Էլիզաբեթ Թրյուդո, արխիվ

Ղարաբաղյան կարգավորման հիմքը պետք է դառնա բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխհամաձայնեցված լուծումը, պնդում է պաշտոնական Վաշինգտոնը: Այդ մասին երկուշաբթի երեկոյան Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պետդեպարտամենտի լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն:

«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել [հակամարտության] կողմերի հետ: Դուք գիտեք, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն ենք: Մեր վաղեմի քաղաքականությունը, որի հետ համամիտ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունները, հետևյալն է` հարցի արդարացի լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի, ուժ չկիրառելու կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա», - նշում էր Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

Էլիզաբեթ Թրյուդոն ճեպազրույցի ընթացքում ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձավ` պատասխանելով Ադրբեջանի պաշտոնական AzerTag գործակալության Վաշինգտոնի թղթակից Յուսիֆ Բաբանլիի հարցին: Ադրբեջանցի լրագրողը Պետդեպարտամենտի ներկայացուցչին խնդրեց մեկնաբանել պետքարտուղար Ջոն Քերրիի՝ անցած շաբաթ Aspen վերլուծական ինստիտուտի և The Atlantic հանդեսի կազմակերպած համատեղ քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարությունը: Դրանում Պետդեպարտամենտի ղեկավարը որպես անպտուղ բանակցությունների օրինակ հիշատակում էր հենց ղարաբաղյան հակամարտությունը:

«Այսօր աշխարհում սառեցված հակամարտություններ կան: Որպես օրինակ մատնանշեմ` Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի և Հայաստանի միջև [առկա հակամարտությունը], որի պարագայում այս պահին հստակ լուծում չի ուրվագծվում, քանի որ առաջնորդները պատրաստ չեն, կողմերի միջև էլ լարվածություն է առկա: Դրանք բարդ հակամարտություններ են, բայց լուծման ճանապարհ հնարավոր է գտնել, եթե մարդիկ որոշակի համալիր լուծումներ ընդունեն: Մարդիկ պետք է պատրաստ լինեն ընդունել որոշակի լուծումներ», - նշում էր պետքարտուղար Քերրին:

Պետդեպարտամենտի ներկայացուցչից, սակայն, ադրբեջանցի լրագրողը բավական համառորեն փորձում էր պարզել` ինչո՞ւ է Ջոն Քերրին հայտարարել, թե ղարաբաղյան հակամարտության լուծմանը պատրաստ չեն երկու նախագահները, այլ ոչ թե միայն Հայաստանի ղեկավարը:

«Հակամարտության միակ կողմը, որ խուսափում է զորքեր դուրս բերելուց, Հայաստանն է: Նման իրավիճակում ինչո՞ւ է պետքարտուղարը հայտարարում, թե երկու առաջնորդներն էլ պատրաստ չեն հակամարտության լուծմանը», - հարցնում էր ադրբեջանցի լրագրողը:

«Երկու պետությունների ղեկավարներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղության հաստատման համար: Այդ իսկ պատճառով էլ մենք վերահստատում ենք բանակցությունների միջոցով փոխհամաձայնեցված խաղաղության հաստատման կարևորությունը», - նշում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն` հատուկ ընդգծելով, թե իր անմիջական ղեկավարի` պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունները «վերլուծելու ցանկություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG