Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավոր․ Համախմբման մեջ պետք է պատեհապաշտական խնդիր չլինի


ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ցանկացած համագործակցություն նախ և առաջ պետք է բխի պետական շահերից: Այդ մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո այլ ընդդիմադիր ուժերի հետ ԲՀԿ համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցին:

Կիրակի օրը Գյումրիում և Վանաձորում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով, հիշեցնենք, իշխող Հանրապետականը թեպետ հաղթել է, սակայն ավագանիներում ստացած մանդատների քանակը բավարար չէ քաղաքապետների պաշտոնները ստանձնելու համար:

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Գյումրիում ավագանու 33 մանդատները կբաժանվեն քաղաքական չորս, Վանաձորում՝ հինգ ուժերի միջև: «Բարգավաճ Հայաստան»-ը Գյումրիում զբաղեցրել է երկրորդ, Վանաձորում՝ չորրորդ տեղը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչը կարող է խանգարել «Բարգավաճ Հայաստան»-ին՝ ընդդիմադիր մյուս ուժերի հետ համագործակցելու ընդդեմ Հանրապետականի, Մելքումյանը արձագանքեց․ - «Ես, լինելով կուսակցական գործիչ, նաև պրագմատիկ գործիչ եմ: Եթե պետությունը դրանից օգուտ կստանա, ես դեմ չեմ անձամբ, որ մենք գնանք, բայց պետք է բոլոր պլյուսները-մինուսները համակողմանի վերլուծել և ասել՝ դրանից պետությունը կշահի՞, թե՞ չէ: Եթե պետությունը շահելու է, արդեն գալիս են կուսակցական խնդիրները, տեղական կառույցի կարծիքը»:

«Պետությունը կշահի՞, որ ընդդիմադիրները իշխանության գան Վանաձորում», - այս հարցին ի պատասխան էլ նա հայտարարեց․ - «Ուրեմն, նաև տեղական կառույցի կարծիքը հաշվի առնենք, թե տվյալ քաղաքում իրենք ի՞նչ են քարոզել, ի՞նչ են ասել, և դրանից ի՞նչ դուրս կգա: Այնպես որ, սա լուրջ, համակողմանի վերլուծության խնդիր է»:

«Հիմա ես առաջ անցնելով, քանի որ այդ կուսակցությունների մի մասն էլ նորելուկ կուսակցություններ են, ասեմ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի համար շատ կարևոր է, որ ինքը նվազ ռեսուրսներով, և իրենից անջատված քաղաքական միավորները, որոնք դարձել են քաղաքական կատաղի մրցակից՝ «Բարգավաճ»-ի համար, կարողացանք առաջին անգամ այդ հանգրվանային միջանցքով անցնել և պատվով դուրս գալ: Պատկերացնում եք, չէ՞․ մնացածները կա՛մ համախմբվել են, կա՛մ ինչ-որ բաներ․․․ մեզանից դուրս են եկել, մեր ռեսուրսները քչացել են, և մենք դարձել ենք մրցակիցներ, բայց մենք կարողացել ենք հաղթահարել: Սա՝ մեկ», - հայտարարեց Մելքումյանը՝ շարունակելով․ - «Եվ երկրորդը՝ իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած համախմբման մեջ պետք է պատեհապաշտական, տվյալ պահի համար ինչ-որ մի դիվիդենտ շահելու խնդիր չլինի, պետք է լինի ծրագրային, գաղափարական, իմ կարծիքն է անձնական, ընդհանրություն որևէ հանգամանքում»:

«Կոնկրետ տվյալ դեպքում հստակ է բաժանարար գիծը՝ կա՛մ ընդդիմություն, կա՛մ իշխանություն, իշխանության հետ չեք համագործակցում, եթե ընդդիմության հետ համագործակցեք, ապա իշխանությունը կլինի արդեն ընդդիմության ձեռքում, ի վերջո, եթե «Հայկական վերածնունդ»-ն էլ միանա: Հիմա, ինչ-որ խնդիր կա՞ ընդդիմադիր դաշտի միանալու», - այս հարցին ԲՀԿ պատգամավորը պատասխանեց․ - «Մենք որևէ մեկի հետ խնդիր չունենք ընդհանրապես՝ քննարկելու, համագործակցելու, եթե համահունչ է մեր մոտեցումը, մենք ձեր ասած ոչ իշխանական ուժերի հետ որևէ խնդիր չունենք համագործակցելու: Բայց պետք է քննարկվի և եզրակացություն արվի՝ չշտապենք, առաջ չանցնենք»:

XS
SM
MD
LG