Մատչելիության հղումներ

Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվեց երեք ամսով


Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշ, արխիվ
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշ, արխիվ

Թուրքիան ևս 90 օրով երկարաձգեց արտակարգ դրությունը, որը երկրում հայտարարվել էր հուլիսի 21-ին՝ ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

Մի քանի ժամ տևած զինված բախումների ընթացքում, հիշեցնենք, հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում զոհվեց 241 մարդ, շուրջ 2 հազար 200 հոգի էլ վիրավորվեց: Մինչ օրս շարունակվող ձերբակալությունների թիվը հատել է 32 հազարի սահմանը:

Հուլիսյան իրադարձություններից անմիջապես հետո, երբ իշխանությունները շտապեցին արտակարգ դրություն սահմանել, ընդդիմախոսները համոզմունք հայտնեցին, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը նպատակ ունի ընդունել նոր օրենքներ, անհրաժեշտության դեպքում սահմանափակել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները՝ առանց խորհրդարանի համաձայնության:

Արտակարգ դրությունը երեք ամսով երկարաձգելու մասին որոշումն ընդունվել է թուրքական կառավարության նիստի արդյունքում: Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Ազգային անվտանգության խորհրդի կարծիքով՝ արտակարգ ռեժիմի երկարաձգումը թույլ կտա ապահովել ժողովրդավարության պաշտպանությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Արևմտյան մամուլը այս կապակցությամբ հեգնում է՝ գրելով․ - «Երբ Թուրքիայում ասում են դեմոկրատիա, այստեղ մենք լսում ենք դեմոկրատուրա»:

Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից անմիջապես հետո իր առաջին հարցազրույցներից մեկում նախագահ Էրդողանը, բացելով մահապատժի մասին օրենքի թեման, որի ընդունումը պահանջում է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, հարուցեց Արևմուտքի կոշտ քննադատությունը: Եվրամիությունը, որին տարիներ շարունակ ձգտում է անդամակցել Թուրքիան, սպառնաց փակել իր դռներն Անկարայի առջև՝ մահապատժի մասին օրենքի ընդունման դեպքում: Վերլուծական շրջանակներում համոզմունք է հնչում, որ Արևմուտք - Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին արտակարգ դրության երկարաձգումը թույլ կտա թուրքական ուժեղ առաջնորդին ընդունել նոր օրենքներ և սահմանափակել հայրենակիցների ազատությունները: Թուրքական մամուլում անգամ մտավախություն է հնչում «հիպերնախագահության» նախագծի իրականացման շուրջ՝ միտված է՛լ ավելի ընդլայնելու նախագահի լիազորությունները, ինչի մասին Էրդողանը վաղուց է երազում:

Ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի ամենատարբեր կառույցներում շարունակվում են «զտումները»: Դատաիրավական, ռազմական, կրթական համակարգերի, տեղական ինքնակառավարման մարմինների տասնյակ հազարավոր աշխատակիցներ ազատվել են աշխատանքից կամ ձերբակալվել` ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կառույցի հետ առնչություն ունենալու կասկածանքով: Թուրքական իշխանությունները շարունակում են փաստեր ի հայտ բերել՝ ապացուցելու համար, թե հենց Գյուլենն է կանգնած հեղաշրջման փորձի հետևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG