Մատչելիության հղումներ

ՀԱԿ․ «Չհաջողվեց լուծել այս ընտրությունները քաղաքականացնելու խնդիրը»


ՀԱԿ-ի նախընտրական հանրահավաքը Գյումրիում, 29-ը սեպտեմբերի, 2016թ․
ՀԱԿ-ի նախընտրական հանրահավաքը Գյումրիում, 29-ը սեպտեմբերի, 2016թ․

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները «ոչնչով չտարբերվեցին տարիների ընթացքում իշխանությունների կանխամտածված քաղաքականության արդյունքում ձևավորված կլանային բնույթի տեղական ընտրություններից, երբ անձնական, բարեկամական կապերը, ընտրակաշառքը, քաղաքացիներին կենցաղային ծառայություններ մատուցելը մշտապես ընտրողի դիրքորոշման վրա ապօրինաբար ազդելու վճռորոշ միջոց են եղել»: Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հայտարարությունում:

«Հայ ազգային կոնգրեսին, ցավոք, չհաջողվեց լուծել այս ընտրությունները քաղաքականացնելու ոչ դյուրին խնդիրը, ինչը պայմանավորված էր մի կողմից տեղական ընտրությունների արմատացած կլանային բնույթով, մյուս կողմից՝ խնդրի բարդությունը թերագնահատելու հետ կապված ընտրարշավի մեր տակտիկական բացթողումներով», - շեշտում է ընդդիմադիր կուսակցությունը՝ շարունակելով․ - «Չստանալով քաղաքական բնույթ, ընտրությունները շարունակեցին մնալ փողի, վարչական լծակների, կենցաղային ծառայություններ մատուցելու, ընտրողների վրա ապօրինաբար ազդելու և ուղղորդելու բազմաթիվ այլ ձևերի մրցակցության: Այդ ամենը կրում էր համակարգային բնույթ, մանրամասն մշակված ցանցային մեխանիզմների կիրառմամբ»:

ՀԱԿ-ը հավաստիացնում է, որ կանի անհրաժեշտ հետևություններ այս ամենից և կմշակի կեղծարարության բոլոր ձևերը հաղթահարելու մեթոդներ:

«Հաշվի առնելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացը, առաջիկայում մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն ռազմավարական գլխավոր խնդրի լուծմանը, այն է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հասնելու իշխանափոխության՝ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու նպատակով», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, ըստ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների՝ ոչ Գյումրիում և ոչ էլ Վանաձորում ՀԱԿ-ը չի հաղթահարել անցողիկ 6 տոկոսի շեմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG