Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ու վարչապետը հանդիպել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին


Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիին:

Նախագահի լրատվության ծառայության փոխանցմամբ, Սարգսյնաը ողջունել է ՄԱԿ-ի ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի անցկացումը Հայաստանում և նշել, որ միջոցառումը նաև լավ առիթ է հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը տեղում ծանոթանալու համար:

ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Ռիֆաին իր պատկերացումներն ու առաջարկություններն է ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործման և երկիրն իր բոլոր առավելություններով ու գրավչությամբ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին, նշելով, որ զբոսաշրջության բնագավառը կառավարության գերակա ուղղություններից մեկն է՝ ավելացրել է, որ գործադիրը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտի զարգացմամբ զբաղվող առանձին կոմիտե:

Վարչապետն անհրաժեշտ է համարել կոմիտեի համագործակցությունը զբոսաշրջության ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ և նշել, որ այդ հարցում ակնկալում է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության օժանդակությունը:

Թալեբ Ռիֆային պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի կառավարությանն ինչպես այդ հարցում, այնպես էլ ոլորտի մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG