Մատչելիության հղումներ

Կրեմլը պնդում է, թե Արևմուտքը միջուկային բախման է ձգտում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Իրավիճակը Սիրիայում օրըստօրե սրվում է, վերլուծաբանները նշում են, որ ռուսների և ամերիկացիների տարաձայնություններն է՛լ ավելի են ընդգծվում, իսկ Բաշար ալ-Ասադի բանակի և ընդդիմադիր ջոկատների արյունալի բախումների դադարեցմանն ուղղված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը տապալվում է:

Եվ ահա այս մտահոգիչ զարգացումների ֆոնին ռուսական պետական մամուլը սկսել է պարբերաբար սարսափեցնել հպատակներին, անկարկելով, որ չի կարելի բացառել Արևմուտքի հետ միջուկային պատերազմի վտանգը:

«Անհնազանդ Ռուսաստանին պատժելու համար Վաշինգտոնի շիզոֆրենիկները միջուկային զենքն են սրում» ոչ ադեկվատ վերնագրի ներքո «Զվեզդա» հեռուստառադիոընկերության կայքում հրապարակած վերլուծությունում Դմիտրի Սերգեևը պնդում է, որ «ամերիկյան քաղաքական վերնախավի շրջանում հակառուսական հիստերիայի հերթական փուլն է»:

«Շարքային մարդիկ անտարբեր են, բայց քաղաքական գործիչները կարծես վերադարձել են 1980-ականներ, երբ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ձեռամբ Խորհրդային Միությունը պիտակավորվել էր որպես «չարյաց կայսրություն», իսկ մեր երկրի ցանկացած քայլ դիտվում էր բացասական տեսանկյունից», - գրում է Սերգեևը:

Պաշտպանության նախարարության լրատվամիջոցը համարվող «Զվեդա»-ում լույս տեսած այդ հոդվածում հեղինակը թվարկում է Արևմուտքի կողմից Մոսկվային ներկայացված մեղադրանքները. Սիրիա, Ուկրաինա, «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»: Սերգեևի համոզմամբ, «Վաշինգտոնն արդեն վճռել է դիմել պատժիչ գործողությունների, ուստի Մոսկվան պետք է պատրաստ լինի դիմակայել առճակատմանը»:

Ռուսաստանից ստացվող այլ տեղեկություններ վկայում են, որ այնտեղ իսկապես լուրջ են ընդունում միջուկային հնարավոր բախման սպառնալիքը:

Մեծ Բրիտանիայում լույս տեսնող The Times-ի փոխանցմամբ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն անցած ուրբաթ օրը հայտնել է, որ Մոսկվայում կառուցվել են ընդհատակյա ռմբապաստարաններ, որոնք կարող են ընդունել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ 12 միլիոն մարդու:

Վլադիմիր Պուտինի՝ 2012 թվականին նախագահի պաշտոնում Կրեմլ վերադառնալուց հետո Մոսկվայում առնվազն երկու անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության համակարգի զորավարժություններ, որոնց սցենարում եղել է միջուկային հարվածի ենթարկվելու տարբերակը:

Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ պնդել է, թե Վաշինգտոնը փորձում է արդարացնել ապագայում միջուկային զենքի հնարավոր կիրառումը՝ աղավաղելով Մոսկվայի քաղաքականությունը միջուկային զենքի տեղակայման հարցերում:

ԱԳՆ-ն այդ մեղադրանքն է հնչեցրել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ասել է, որ Պենտագոնը պետք է վերանայի միջուկային զենքի կիրառման հայեցակարգը՝ հաշվի առնելով սարսափելի գրոհներ իրականացնելու Ռուսաստանի կարողությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ունի 8 հազար 400 միջուկային մարտագլխիկ, Միացյալ Նահանգները՝ 7 հազար 500:

Ռուսաստանն իրեն վերապահել է առաջինը միջուկային հարված հասցնելու իրավունքն այն դեպքում, երբ կա «սպառնալիք պետականության գոյության համար»:

Այս ձևակերպման անորոշությունը երկրի առաջնորդներին ընձեռում է բազմազան և լայն մեկնաբանության հնարավորություն և առնվազն տեսականորեն տալիս է մարդկության ստեղծած ամենասարսափելի զենքը առանց ծայրահեղ անհրաժեշտության կիրառելու հնարավորություն:

XS
SM
MD
LG