Մատչելիության հղումներ

Նախագահը ՊՆ բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել Վիգեն Սարգսյանին ու Մովսես Հակոբյանին


Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս:

Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ, այդ համատեքստում Սերժ Սարգսյանը խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին երկրի պետական կառավարման համակարգում:

«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաև պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբևէ ծառայել են մեր զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս և նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ:

Համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը, և վստահ եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի և պատասխանատվությունը կրի պատվով: Իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնում երկարատև և տքնաջան աշխատանքի համար»,-ըստ հաղորդագրության՝ ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ գնալով ավելանալու են նաև Պաշտպանության նախարարության հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG