Մատչելիության հղումներ

Կուսակցությունները պահանջում են Գյումրու մոտ մեկ տասնյակ տեղամասերում վերահաշվարկ անցկացնել


Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական տվյալներով Գյումրիի ավագանու 33 մանդատները կբաժանվեն քաղաքական 4 ուժերի միջև: Առավելագույն 34.7 տոկոս ձայն ստացել է «Բալասանյան» դաշինքը, 21.6 տոկոս ԲՀԿ-ն, 10.6 տոկոս «Հայկական վերածնունդ»-ը և 10.5 տոկոս ԳԱԼԱ կուսակցությունը:

Անցողիկ համարվող 6 տոկոսի շեմը չի հաղթահարել 7 ուժ: Քաղաքական ուժերը մինչև վաղը՝ առավոտյան 9:30 ժամանակ ունեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ ներկայացնելու համար: Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մինչ այս պահը իրենք մոտ մեկ տասնյակ տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու դիմում-բողոք են ստացել «Բալասանյան» դաշինքից, «Համախմբում», «Բարգավաճ Հայաստան», «Գյումրեցու ոգի», «Հայկական վերածնունդ» կուսակցություններից և «Իրազեկ քաղաքացիական միավորում» հկ-ից: ԳԱԼԱ կուսակցությունն էլ չբացառեց, որ կբողոքարկեն:

Այս պահին անհասկանալի է նաև, թե ինչպե՞ս են հաշվարկվելու ու բաշխվելու ավագանու մանդատները և ո՞ր քաղաքական ուժից է ընտրվելու Գյումրիի քաղաքապետ, քանի որ մեծամասնություն կազմելու համար 40 տոկոսի շեմը որևէ քաղաքական ուժ չի հաղթահարել:

Իշխող Հանրապետականը հայտարարում է, որ Գյումրիում իրենց թեկնածուն հաղթել է, և որ որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի: Այնինչ, այն բանաձևը, որն առաջարկվում է Ընտրական օրենսգրքով՝ մանդատների բաշխումն ըստ ստացած քվեների, ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը բազմապատկել, բաժանել ու ստացել է, որ «Բալասանյան» դաշինքը ոչ թե հանրապետականների հայտարարած 17 մանդատն է ստանալու այլ 15: Հարց է տալիս՝ ո՞ր քաղաքական ուժից են պոկելու-տանելու 2 մանդատը:

«այս խնդրին չէին բախվել: Էն օրենքից «քոփի-փեյսթ» էին արել, վերցրել, դրել են այս օրենքի մեջ, օրենսդիրները այսպես կոչված, և հաշվի չեն առել, որ կարող են նման կազուսի առաջ կանգեն: Իրենց պետք է հարցվի՝ այդ որտեղի՞ց եք գտնում ևս 4 մանդատ, որպեսզի տաք 15-ին, 15-ը դառնա 19 և լինեք բացարձակ մեծամասնություն մնացած 18-ի նկատմամբ: Երեկ գիշեր երբ այս հաշվարկը դրեցի «Ֆեյսբուքում», որոշ հանրապետականներ սկսեցին ինձ ցույց տալ օրենքի այդ կետը, որը մենք 3 ամիս է ՝ ուսումնասիրում ենք օր ու գիշեր, դրա բացատրությունը չկա: Որևէ կերպ չեն կարողանում բացատրել՝ ինչպես է լինելու բացարձակ մեծամասնություն», - ասաց Բարսեղյանը:

Արդյոք հնարավո՞ր է ավագանի անցած 3 քաղաքական ուժեր միավորվեն հետաքրքրվեցինք Բարսեղյանից․ - «Առայժմ չունենք որևէ բանակցային ֆորմատ: Չի բացառվում որ մինչև շաբաթվա ավարտ, ավագանու նիստը, ես ենթադրում եմ, որ ուժերը պետք է շահագրգիռ լինեն, էդ 4-ը քվեն կարող են որոշիչ լինեն: Կքննարկենք, կորոշենք»:

Իսկ եթե, այնուամենայնիվ, պաշտոնապես հրապարակվի ու հաստատվի, որ «Բալասանյան» դաշինքը 17 մանդատ է ստանալու, ի՞նչ են պատրաստվում անել:

«Եթե իշխանությունը փորձում է գեղա նկարիչների ներգրավել այս գործի մեջ և հայտարարում է, որ մեր մանդատները օրենքով սահմանվածից պակաս են լինելու, որովհետև օրենքով սահմանվածով՝ ցանկացած բաժանում, բազմապատկում, տոկոս հանել: Այսինքն՝ 7-րդ դասարանի երեխան, էս մեկնարկային թվերը տաք, ինքը կհաշվի դուրս կբերի մանդատները: Եթե ինքը այնուամենայնիվ կնենգափոխի արդյունքները և ուրիշ թվեր կնկարի ուրիշ քանակությամբ մանդատներ կհատկացնի, մեզ մնում է դատական ճանապարհով վիճարկել ԿԸՀ-ի որոշումը, անգամ այն դեպքում, եթե մեր թիմի մանդատներին չկպնեն:

Եթե կպնում են ուրիշ կուսակցությանթվի մանդատներին, մենք նույնպես վիճարկելու ենք դատարանում, որպեսզի արդարություն լինի՝ ըստ գրած օրենքի: Օրենքը նամուսով գրեիք: Հիմա ես վստահաբար գիտեմ՝ օրենքի մեջ ահռելի խոտան կա և էս դեպքում իրենք կարող են հղում կատարել իրենց մեկնաբանողի իրավունքին: Ո՞վ իրավունք ունի մեկնաբանել: ԿԸՀ-ն իրավունք ունի օրենքով գրվածը մեկնաբանել յուրովի՞ : Գլուխները պատին են տալիս: Մենք էդ կռիվը տալու ենք», - ասաց Բարսեղյանը:

Շիրակի մարզում միայն Գյումրիում չէ, որ ՏԻՄ ընտրություններ էին: Մարզի երկրորդ քաղաք Արթիկում ևս թեժ պայքար է ընթացել հանրապետական, բայց ինքնառաջադրված Մխիթար Վարագյանի և անկուսակցական, նախկին ԲՀԿ-ական, բայց Հանրապետականի կողմից առաջադրված թեկնածու, Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Մուշեղ Պետոյանի միջև:

Նախնական տվյալներով, շուրջ 150 ձայնի առավելությամբ Արթիկում հաղթել է Մխիթար Վարագյանը:

Գյումրիից ու Արթիկից բացի, ևս 72 համայնքում տեղական ընտրություններ էին:

ՏԻՄ այս ընտրությունները իսկական փորձաքար էին Շիրակի մարզի համար: Գյումրիում առաջին անգամ քաղաքապետ է ընտրվում համամասնական ընտրակարգով, իսկ 4 խոշորացված համայնքներում էլ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG