Մատչելիության հղումներ

Ընտրություններին ընդառաջ իրավիճակը Վրաստանում սրվում է


Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի Քարոզարշավը Գորիում, 2-ը հոկտեմբերի, 2016թ.
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի Քարոզարշավը Գորիում, 2-ը հոկտեմբերի, 2016թ.

Խորհրդարանական ընտրություններից հինգ օր առաջ իրավիճակը Վրաստանում ոչ միայն չի հանդարտվում, այլ գնալով էլ ավելի է սրվում։ Նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթն առանձնանում է զինված հարձակմամբ։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, կիրակի օրն անհայտ անձինք զինված հարձակում են իրականցրել Գորիում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի վրա, ով հանդիպում էր անցկացնում ընտրողների հետ։

Նախնական տվյալներով, հարձակման հետևանքով վիրավորվել է Օքրուաշվիլիի թիկնապահը, և մեկ ակտիվիստ։ Երկուսն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մինչ երկրի իրավապահները քննում են կատարվածը, Օքրուաշվիլին հստակ անուններ է հնչեցնում՝ մեղադրանքների սլաքն ուղղելով իշխող դաշինքի ներկայացուցիչ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի ուղղությամբ՝ պնդելով, որ «հարձակումն իրականացրել է Կալաձեի աներորդին»։

Իշխող կուսակցությունը, սակայն, կոչ է անում՝ չքաղաքականացնել նախընտրական հանդիպման ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպը՝ միևնույն ժամանակ հերքելով քաղաքական միավորման առնչությունը տեղի ունեցածին, այդպիսով ոչ ուղղակի կերպով հակադարձելով նաև Կալաձեի մասնակցության մասին պնդումներին։

Թեև պաշտոնապես չի բարձրաձայնվում, այդուհանդերձ վրացական մամուլը համոզված է, որ նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած զինված միջադեպը՝ ուղղված Միխեիլ Սաակաշվիլիի նախկին թիմակից Օքրուաշվիլիի դեմ, կապված է վերջինիս՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարությունների, կամ, ինչպես ընդգծում է վրացական մամուլը, բացահայտումների հետ։

Հիշեցնենք, վրաց քաղաքական գործիչը, ով ժամանակին ուժային կառույցներում մի շարք բարձր պաշտոններ էր զբաղեցնում, փաստաթղթեր է հրապարակել՝ պնդելով, որ դրանք վկայում են ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը զավթելու՝ Բիձինա Իվանիշվիլիի պլանների մասին։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին։ Պատգամավորական մանդատի համար պայքարում է 19 կուսակցություն և 6 նախընտրական դաշինք։ Առաջատար ուժերը, ըստ վերջին հարցումների, Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական դաշինք» և երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցություններն են։

Վերջին չորս տարիներին իրար դեմք թշնամանք տածող այս երկու ուժերը էլ ավելի կոշտացրեցին միմյանց ուղղված մեղադրանքները, երբ Վրաստանի նախկին առաջնորդ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց հայրենիք վերադառնալու մտադրության մասին։

«Ես իսկապես պատրաստվում եմ Վրաստան վերադառնալ ու պաշտպանել կայացած ընտրությունների արդյունքները», - Նյու Յորքում, կուսակիցների հետ հանդիպմանը, մասնավորապես հայտարարել էր նա՝ հավելելով. - «Իվանիշվիլին խուճապի մեջ է, նա վախենում է իմ վերադարձից, և ես պետք է անեմ այն, ինչից նա այդքան վախենում է»։

Երբ և ինչպես է վերադառնալու հայրենիք Ուկրաինայում բարձր պաշտոն զբաղեցնող և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Սաակաշվիլին, առայժմ չի հստակեցվում, մինչ Վրաստանում նրան սպառնում են վերադառնալուն պես բանտախուց տեղափոխել։

Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մինչև անգամ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով Սաակաշվիլիին հեռու մնալ վրացական գործընթացներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG