Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Նեմցովի սպանության գործի դատաքննությունը


Մոսկվայի դատարանում այսօր սկսվել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի քննությունը: Մեղավո՞ր են, թե՞ ոչ հինգ ամբաստանյալները՝ քննելու են երդվյալ ատենակալները: Սա այն է, ինչին ձգտում էին Նեմցովի սպանության մեջ մեղադրվողները: Ամբաստանյալները հինգն են՝Զաուր Դադաևը, Անզոր և Շադիդ Գուբաշև եղբայրները, Խամզատ Բախաևը և Թեմիրլան Էսկերխանովը:

Նրանց ներկայացվել է հանցավոր խմբի կազմում սպանությունը իրականացնելու, ինչպես նաև՝ ապօրինի զենք ձեռք բերելու և տեղափոխելու մեղադրանք։ Բոլոր հինգն էլայսօր դատարանում հայտարարել են, որ իրենց մեղքը չեն ճանաչում և պատրաստ են դատարանում իրենց անմեղությունը ապացուցել։ Ընդ որում՝ Զաուր Դադաևը, ում մեղադրող կողմը քիլլեր է համարում, ավելի վաղ ճանաչել էր իր մեղքը, այնուհետ, սակայն, հետ էր կանգնել իր ցուցմունքներից:

Դատախազ Մարիա Սեմենենկոն այսօր դատարանում ներկայացրել է սպանության պաշտոնական վարկածը, որի համաձայն ամբաստանյալները սպանությունը կատարել են 15 միլիոն ռուբլու դիմաց, իսկ թե ումից են ստացել պատվերը, այնքան էլ պարզ չէ:

Դատախազը համարում է, որ սպանության պատվիրատուն և կազմակերպիչը ՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսլան Մուխուդիննովն է: Սպանության կազմակերպիչների մեջ կան նաև մարդիկ, ում ինքնությունը քննչական խմբին չի հաջողվել պարզել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG