Մատչելիության հղումներ

Աշոտյան․ Հանրապետականը մնում է քաղաքական համակարգի առաջատարը


Հանրապետական կուսակցությունը երեկվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պահպանել է իր ղեկավար կշիռը ՏԻՄ մարմիններում: Ամփոփելով հանրապետության 292 համայնքներում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքները՝ այս մասին այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պնդելով, որ Հանրապետականը շարունակում է մնալ քաղաքական համակարգի առաջատարը:

«292 խոշորացված համայնքներում Հանրապետական կուսակցությունը միայն իր անդամներով հաղթանակ է տարել համայնքների 60-ից ավել տոկոսում՝ 176 համայնքում: Ինչու եմ կրկնում՝ միայն իր անդամներով, որովհետև եղել են տասնյակ համայնքներ, որտեղ մենք առաջադրել ենք ու սատարել ենք անկուսակցական թեկնածուների: Մինչ ընտրություն եղած ժամանակահատվածը մենք ունեինք նմանատիպ չափաբաժին՝ 65 տոկոս մոտավորապես», - ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Երեկվա ՏԻՄ ընտրությունները հսկայական փոփոխություն էին քաղաքական մշակույթի մեջ, կարծում է Աշոտյանը․ - «Ընտրությունների որակը, արդյունքները ամբողջությամբ բավարարում են ՀՀԿ-ին: Մենք գոհ ենք այս արդյունքներից: Մենք կարծում ենք որ ժողովրդի տված վստահության քվե լավագույն պատասխանն է այն հոռետեսներին, որոնք այս 15 տարի կանխատեսում են ՀՀԿ-ի քաղաքական պարտությունները»:

Գյումրիում և Վանաձորում, ըստ նախնական արդյունքների, 3-րդ տեղը գրաված «Հայկական Վերածնունդ», Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատության» հետ զրույցում բավարար գնահատեց իրենց արդյունքները՝ ասելով, որ ընտրախախտումների բացառման դեպքում իրենց քվեներն ավելին կլինեին:

«Խախտումները տարբեր են եղել: Շատ ավելի ցցուն էր ընտրակաշառքների բաժանման գործընթացը, երբ տեղամասերի շրջակա տարածքներում ոստիկանության անտարբերության արդյունքում կային մեքենաներ կանգնած, որտեղից գումար էր բաժանվում: Եվ ակնհայտ մենք այդպիսի դեպքերի հանդիպեցինք, երբ մոտենում ես, մեքենան անմիջապես քշում, գնում է: Բնականաբար աջակցում էին Մամիկոն Ասլանյանին հանրապետական, քանի որ շտաբներից մեկը հենց տեղամասի առջևում էր, որտեղից հանգիստ բնակչությունը մտնում, դուրս էր գալիս», - ասաց Բիշարյանը:

Վանաձորում 4․8, իսկ Գյումրիում 1․5 տոկոս ձայն հավաքած «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ևս բարձրաձայնեց խախտումների մասին, սակայն փաստեր ընտրությունների արդյունքների վրա ազդող ընտրախախտումների մասին պատգամավորն ասաց, որ չունի:

«Էն տեղամասերում, որտեղ ես եղել եմ և մեր վստահված անձինք եղել են էդ տեղամասերում մենք չենք կարող խոսել մեծամասշտաբ կեղծումների մասին: Օրինակ, Գյումրիում«Բալասանյան» դաշինքը ակնհայտորեն ստացել է ամենաշատ թվով ձայները: Մենք պետք է անընդհատ առերեսվենք էս իրականության հետ: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ գյումրեցիների մեծ մասը Սամվել Բալասանյանին ասել է ապրես, որ երեք տարբեր կուսակցություն ես փոխել», - հայտարարեց Փաշինյանը:

Կուսակցության համար ոչ բավարար արդյունքներից հետո՝ Փաշինյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ առաջիկայում կուսակցության վարչությունը հրաժարական տա:

Այլ կուսակցությունների արդյունքներին այսօր անդրադարձավ նաև իշխող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Շատ վաղ էր հաշվարկներից հանել ավանդական ընդդիմադիր կուսակցություններին՝ ԲՀԿ-ին ու «Հայկական վերածնունդ», նախկին «Օրինաց երկիր» կուսակցությանը, ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նրա կարծիքով Գյումրիում՝ ԳԱԼԱ, իսկ Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հաջողությունները տեղային էին, իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած կուսակցության արդյունքները փաստում են, որ «Համախմբումը» ձախողվեց՝ չծնված:

«Նախկին արտգործնախարարի նորաստեղծ կուսակցությունը, 4 պատգամավորներով, որը լծված էր ամբողջ քարոզչական, տեղեկատվական, կազմակերպչական ու ֆինանսական ռեսուրսով Գյումրիի և Վանաձորի ընտրություններին, Գյումրիում հավաքեց նույնքան ձայն, որքան հավաքեց մինչ այդ անհայտ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը: Կարծում եմ քաղաքական հետագա ամբիցիաների համար օբյեկտիվ հիմքեր չունի գոնե Գյումրիի ու Վանաձորի ընտրությունների արդյունքներով», - նկատեց արմեն Աշոտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG