Մատչելիության հղումներ

Կառավարությունը միայն մեկ ամսից կներկայացնի իր հակամենաշնորհային քայլերը


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 3-ը հոկտեմբերի, 2016թ․
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 3-ը հոկտեմբերի, 2016թ․

Նոր կառավարությունը մեկ ամսից է միայն հստակեցնելու, թե ինչպես է պատրաստվում պայքարել մոնոպոլիաների դեմ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը:

«Դա միշտ էլ ակտուալ է, ես ուղղակի կուզեմ այդ բոլոր հարցերին անդրադարձ կատարել որոշակի ժամանակ հետո», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Կարայանը, հարցին էլ՝ «Դուք եղել եք ֆինանսների նախարարի՝ Գագիկ Խաչատրյանի տեղակալ, ում անունը կապվում էր խոշոր բիզնեսի հետ, այդ պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում խոշոր մոնոպոլիաների դեմ պայքարել», արձագանքելով․ - «Էդ հարցը ինձ ինչո՞ւ եք տալիս, ես ֆինանսների՛ նախարարի տեղակալ եմ եղել»:

Նա վստահեցրեց, որ մոնոպոլիաների դեմ պայքարը նոր կառավարության օրակարգում է․ - «Այո, այո, բնականաբար»:

Կարայանն, ով իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում՝ դեռ 1997 թվականից զբաղեցրել է միայն պետական պաշտոններ, ընդ որում՝ երկար տարիներ աշխատելով հենց հարկային ոլորտում, փաստորեն, եղել է բոլոր այն նախորդ կառավարությունների կազմում, որոնք նույնպես ժամանակին մոնոպոլիաների դեմ պայքար են հռչակել: Ուստի, այսօր հետաքրքրվեցինք Կարայանից, թե տարիներ ի վեր մոնոպոլիաների դեմ պայքարելուց հետո ի՞նչ նոր մոտեցումներով է համաձայնել զբաղեցնել նախարարի աթոռը:

«Ես նորից եմ ասում, որ բոլոր այդ հարցերին ես անդրադարձ կկատարեմ որոշակի ժամանակ անց», - ասաց նորանշանակ նախարարը, հարցին էլ, թե ե՞րբ, պատասխանելով․ - «Մոտավորապես մեկ ամսից, դե արդեն և կառավարությունը իր գործունեության ծրագրում արդեն իսկ կներկայացնի բոլոր այն քայլերը և մոտեցումները, թե ինչպես, որ հարցերի շուրջ ինչ լուծումներ է նախատեսում»:

Մոնոպոլիաների դեմ պայքարը շարունակ եղել է նախորդ կառավարությունների ուշադրության կենտրոնում, առնվազն՝ այդ մասին հայտարարել են նախորդ վարչապետներ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Սակայն այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց ստիպված են եղել խոսել հակամենաշնորհային մի նոր պայքարի մասին: Նման վերջին օրինակը այս մայիսին էր, երբ այժմ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հենց ներկայումս Կարայանի գլխավորած նախարարությանը հանձնարարեց․ - «Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ: Միևնույն ժամանակ, ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունը ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին և առաջարկում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը»:

Այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անգամ խոստացավ մենաշնորհներ ունեցողների անունները հրապարակել: Դաշնակցական գործիչը տեղափոխվեց բնապահպանության նախարարություն, իսկ անուններն այդպես էլ չհրապարակվեցին:

Փոխարենը, երբ եկավ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովում հայտարարեց, որ մոնոպոլիաներն այդքան էլ վատ բան չեն․ - «Մոնոպոլիաները. մոնոպոլիաները միշտ չեն վատը: Մոնոպոլիան ինչպե՞ս է առաջանում՝ բնույթից է կախված՝ ինքը բնականո՞ն է, թե՞՝ չէ: Շուկան փոքր է, և էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահի: Բայց եթե ինքը բնականոն, մրցունակ դաշտում է անում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա մեկ այլ բան է»:

Նախկին ու ներկայիս կառավարությունների՝ մոնոպոլիաների դեմ պայքարները Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանին «դեժա վյու» են հիշեցնում:

«Կոռուպցիան մեր մոտ միշտ մնացել է նույն մակարդակին կամ ավելի վատացել է վիճակը, տնտեսական կյանքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, մեր մոտ մենաշնորհները շարունակել են ամրապնդել իրենց դիրքերը, մեր մոտ հովանավորյալները շարունակել են որպես էդպիսին տարիներ շարունակ և կշարունակեն: Այսինքն՝ էս ամեն ինչը արդեն «դեժա վյու» է․ եթե այդ մարդուն դեմքին չտեսնենք, մենք ուղղակի չենք էլ տարբերի նախորդ տասից կամ ութերորդից սկսած, չգիտեմ, որերորդ վարչապետից սկսած վարչապետներին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG