Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկած դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ երեկ արձանագրել են ավելի քան 200 ընտրախախտում։

18 համայնքներում 230 դիտորդներով ընտրությանը հետևած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի խոսքով, խախտումների ձեռագիրն ընդհանուր առմամբ դիտորդներին արդեն ծանոթ է եղել։

«Հետաքրքիր է, օրինակ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ժամը 8-ից հետո ավելի շատ խախտումներ էին եղել: Մի տեսակ էս անգամ հիմնական ընտրախախտումները բաժին են ընկել մինչև ժամը 8-ը», - ասաց Գրիգորյանը:

Խախտումները դիտորդները բաժանում են մի քանի մեծ խմբերի՝ զանգվածային կուտակումներ ընտրատեղամասի հարակից տարածքում, այլ անձի փոխարեն քվեարկության դեպքեր, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր, քաղաքացիների ուղղորդված հոսք։

«Հիմնական խնդիրը շարունակում է մնալ ուրիշի փոխարեն քվեարկելը , երբ որ մարդը գալիս տեսնում էիր անվան դիմաց ստորագրած է: Հիմնականում ԿԸՀ-ն ասում է, որ դրանք փոքր խախտումներ են, բայց խնդիրը կայանում է նրանում, որ սրանք համակարգային խախտումներ են: 18 համայնքներում դիտորդներ ենք ունեցել ու բոլոր տեղերում այդ խնդիրը տեսնում ենք», - ասաց Գրիգորյանը:

Վանաձորում և Գյումրիում ընտրությունները դիտարկած առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցին մտահոգում է, իր խոսքով, իրավապահների անգործության հարցը. - «Հանձնաժողովի նախագահի առջև հարց ենք բարձրացնում կուտակումները վերացնելու, որի նպատակով ինքը համապատասխան հրահանգ է տալիս ոստիկանությանը, և ոստիկանությունը նոր իրականացնում է իր գործողությունը: Բայց մինչև մեր ահազանգելը ոստիկանության աչքի առաջ են տեղի ունենում այդ կուտակումները»:

Կիրակի օրը մասնավորապես Վանաձորում «Ազատության» տեսախցիկը ևս ֆիքսել է ընտրատեղամասի առջև կուտակումների դեպքեր․ մի դեպքում՝ տեղամասի շենքի առջև կայանած մեքենաներ, որոնցում երիտասարդ տղաներ էին, մյուս դեպքում՝ խմբված տղամարդիկ։

Վանաձորի մեկ այլ տեղամասում ծերանոցի բնակիչներին ընտրելու էին բերել երիտասարդներ, որոնք գրանցվում և նրանց փոխարեն քվեարկում էին, սակայն տարեցների անունն անգամ չգիտեին, և հավանաբար ընտրության օրը հանդիպել էին առաջին անգամ։

Վանաձորում արձանագրվել է նաև լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտման դեպք: «Аraratnews» կայքի լրագրող Շողիկ Գալստյանը շարունակ նկարահանել է ընտրատեղամասի տարածքից ժամեր շարունակ չհեռացող և Հանրապետական կուսակցության վստահված անձի հետ պարբերաբար զրուցող մի կնոջ, ով ի վերջո խլել է լրագրողի հեռախոսը և ըստ ականատեսների, նետել հատակին ու կոտրել։

«Հենց ոստիկանների ներկայությամբ էլ ասաց՝ շատ լավ արեցի, հիմա ստացա՞ք, լավ էր քեզ», - պատմեց լրագրողը:

Վանաձորում ընտրության ողջ օրվա ընթացքում օդից կախված էին ընտրակաշառքի մասին լուրերը: Այս մասին խոսում էին և՛ ընդդիմադիր կուսակցությունները, և՛ դիտորդները, սակայն որևէ մեկին ի վերջո չէր հաջողվել տեսանկարահանել կաշառքի բաժանման ենթադրյալ դեպք։

Սլաքները հիմնականում ուղղվում էին դեպի Հանրապետական կուսակցության։

Վանաձորում իշխող կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը ասաց ինքը ընտրությունից առաջ, «տղամարդու խոսք» էր տվել, որ նման բան չի լինելու։

«Նման երևույթ չի կարող լինել, որովհետև ես իմ խոսքի տերն եմ, իսկ տղամարդու խոսքը ինձ համար ամենաբարձր արժեքն է: Ես խոստացել էի, որ ոչ մի այն չի լինելու, այլ որ այս ընտրությունները մեր թիմի ջանքերով անցնելու են ազատ, արդար ու թափանցիկ: Էդպես էլ գնահատում եմ», - ասաց Ասլանյանը:

XS
SM
MD
LG