Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով՝ Վանաձորի ավագանիում ներկայացված կլինի 5 կուսակցություն


Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Հանրապետականի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը քվեարկության ժամանակ, 2-ը հոկտեմբերի, 2016թ․
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Հանրապետականի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը քվեարկության ժամանակ, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

Վանաձորում կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախնական արդյունքներով՝ ավագանու անդամների մանդատները հետևյալ կերպ են բաշխվել՝ Հանրապետական կուսակցություն՝ 13 մանդատ, «Լուսավոր Հայաստան»՝ 10 մանդատ, «Հայկական վերածնունդ»՝ 5 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»՝ 3 մանդատ, և ՀՅ Դաշնակցություն՝ 2 մանդատ: Ընտրություններին մասնակցած մյուս երեք կուսակցությունները՝ «Համախմբում»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը և Հայ ազգային կոնգրեսը, չեն հաղթահարել 6 տոկոսի շեմը:

58 ընտրատեղամասերում 41 հազար 189 վանաձորցի է մասնակցել քվեարկությանը՝ ընտրողների 42․66 տոկոսը:

Նախնական արդյունքներով՝ Հանրապետականը Վանաձորում առջևում է, բայց բացարձակ մեծամասնություն չունի, ինչը նշանակում է, որ քաղաքապետ կընտրվի ավագանու առաջիկա նիստի ժամանակ փակ քվեարկությամբ, չնայած իշխող կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը կեսգիշերն անց շտապել էր ֆեյսբուքյան գրառմամբ ուղերձ հղել՝ շնորհավորելով բոլոր վանաձորցիներին և վստահեցնելով՝ ինքը տարբերակում չի դնելու վանաձորցիների միջև և լինելու է բոլորի քաղաքապետը:

Լոռու հանրապետական մարզպետ Արթուր Նալբանդյանը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, թե Հանրապետականը հետընտրական շրջանում պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ․ - «Ցանկացած քաղաքական ուժի հետ պատրաստ եմ նստել սեղանի շուրջ, բանակցել, մենք ցանկացած քաղաքական ուժի [հետ], ով ունի կառուցողական մտածելակերպ, պատրաստ ենք համագործակցել»:

Վանաձորցիները բավական ակտիվ մասնակցում էին ընտրություններին: Վաղ առավոտից ընտրատեղամասերի մոտ հերթեր էին գոյանում: Թեև ընդդիմադիրներն ահազանգում էին տարբեր ընտրախախտումների մասին, թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը «Ազատությանը» փոխանցեց, թե ինքն անձամբ է հետևել՝ ահազանգերի մի մասը կեղծ է եղել:

«Եղել են ահազանգեր՝ կարգավորել ենք բոլորը, պատասխանվել է գրավոր գրություններին, ինտերնետային կայքերում եղած ահազանգերից հետո անմիջապես հանձնաժողովի՝ ընտրատարածքային, անդամները եղել են այդ տեղամասում, կարգավորել են ամեն ինչ: Լուրջ խախտումներ, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, չի եղել», - հայտարարեց Պապանյանը:

Այսօր ավելի ուշ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է պատրաստվում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ասուլիս տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG