Մատչելիության հղումներ

logo-print

Պապը Բաքվում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կոչ է արել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Բաքու, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Բաքու, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակի օրը Բաքվում կոչ է արել միջազգային հանրությանը՝ ուշադրության կենտրոնում պահել ու կարգավորել ղարաբաղյան խնդիրը: Հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ու երկխոսության ճանապարհով, նշել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

«Ադրբեջան գալուս առաջին իսկ պահից ես հասկացա, թե որքան մարդ է տառապում այս արյունալի հակամարտության պատճառով, ուզում եմ, որ միջազգային հանրությունը մշտապես այն պահի իր ուշադրության կենտրոնում ու աջակցություն ցուցաբերի: Ուզում եմ, որ խաղաղություն վերահաստատվի այս տարածաշրջանում, ուր հատվում են Արևելքն ու Արևմուտքը», - ասել է Ֆրանցիսկոսը:

Ավելի վաղ՝ Վրաստանում Պապը կոչ էր արել հարգել միջազգային օրենքն ու ժողովուրդների ինքնիշխանության իրավունքը՝ անուղղակիորեն անդրադառնալով Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությանը, ինչպես նաև ընդգծել էր՝ փախստականները պետք է ազատորեն իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հնարավորություն ունենան: Ադրբեջանական այցի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու հովվապետը այս խնդիրներին չանդրադարձավ՝ ընդամենը կոչ անելով կողմերին աշխատել ու փորձել նոր ուղիներ հարթել, որոնք կտանեն տևական համաձայնության ու խաղաղության:

Ալիևը, մինչդեռ, Պապի հետ հանդիպմանը հարկ համարեց կրկին հայտարարել՝ ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. - «Ադրբեջանի ժողովուրդը շատ է տառապում այդ հակամարտության պատճառով, որի ընթացքում մեր բնակչության մեկ միլիոնը դարձել է փախստական ու բռնի տեղահանված: Չնայած այս ամենին ՝մենք վերականգնել ենք Բաքվի հայկական եկեղեցին, քանի որ Ադրբեջանը հայտնի է աշխարհում որպես հանդուրժողականության ու մշակույթների միջև երկխոսության կենտրոն»:

Անդրադառնալով Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի Բաքու այցին, արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ Ֆրանցիսկոս Պապը ոչ այնքան ներկայացուցչական ընդունելության արժանացավ, օդանավակայան էր եկել միայն երկրի փոխվարչապետը, հավատացյալներն էլ, ի տարբերություն այլ երկրների, չէին խմբվել՝ նրան ողջունելու ու օրհնությունը ստանալու:

Ի դեպ, այցից առաջ ադրբեջանցի իրավապաշտպանները հույս էին հայտնել, թե հոգևոր առաջնորդը քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ կանի: Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, սակայն, Ֆրանցիսկոս Պապն ընդամենը մեկ անգամ անդրադարձավ մարդու իրավունքներին, նշելով՝ երկրի շարունակական առաջընթացը «պահանջում է մշտական ուշադրություն բոլորի, և հատկապես՝ ամենաթույլերի նկատմամբ»:

XS
SM
MD
LG