Մատչելիության հղումներ

«Արենի» գինու փառատոնին պետությունն այս տարի գումար չի տրամադրել


«Արենի» գինու փառատոնը, արխիվ
«Արենի» գինու փառատոնը, արխիվ

Վայոց ձորի Արենի գյուղում այսօր անցկացված «Արենի» գինու ամենամյա փառատոնին մասնակցում էին Հայաստանից գինի արտադրող 18 կազմակերպություններ, տնական գինի արտադրող մոտ 60 անհատ, ժամանել են 20 երկրներից մոտ 70 պատվիրակներ։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը, այս տարի հյուրերի թիվն ավելի մեծ է, օտարերկրյա հյուրերի թիվը նույնպես գերազանցում է նախորդ տարվանը։ Պետությունից փառատոնին ամեն տարի տրամադրվող գումարը, սակայն, այս տարի չի հատկացվել։

«Այս տարի մենք բյուջե չենք ունեցել, ամեն տարի պետությունը մեզ 1.5-2 միլիոն դրամ էր տալիս, այս տարի չեն տվել։ Մեր ծախսերն այս տարի գինեգործների վճարած և հովանավորի տրամադրած գումարներով ենք հոգացել», - ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ լավ փառատոնի համար անհրաժեշտ է առնվազն 22 միլիոն դրամ, մինչդեռ այս իրենց տարվա բյուջեն կազմել է ընդամենը 2 միլիոն։

«Ազատության» դիտարկմանը, թե արդյոք գումարի կրճատումը պայմանավորված է գյուղացիներից մթերված խաղողի դիմաց պարտքերով, փառատոնի տնօրենը պատասխանեց՝ կրճատումը եղել է հունվար ամսին։

Այս տարի Հայաստանի գինու ամենահին փառատոնին չմասնակցեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։ Ասում է՝ իրենց միության մասին անգամ չեն էլ հիշել։

«Հիմա էնպես է ստացվել, որ Գինեգործների միությունն ու մենք բարիկադների տարբեր բևեռներում ենք կանգնած, իրենք չեն մտածում, որ իրենց միակ հումքը խաղողն է և խաղողագործների հետ պետք է համագործակցեն, իրենք միայն իրենց սեփական գրպանի մասին են մտածում», - հայտարարեց նա։

Խաղողագործների միության հետ համագործակցության մասին փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանն ասաց. - «Կարծում եմ, որ ես չպետք է հրավիրեմ, այլ իրենք պետք է զանգեն և ասեն, որ ուզում են մասնակցել։ Ես էլ կարող եմ ասել, որ ես էլ եմ արհամարհված, որ 8 տարվա մեջ մեկ անգամ չեկան և չծանոթացան մեզ հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG