Մատչելիության հղումներ

logo-print

Մեղադրողի չներկայանալու պատճառով արդեն երկրորդ անգամ հետաձգվում է Սարի թաղի գործով դատավարությունը։ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո ոստիկանությունը արգելափակել էր Սարի թաղի ճանապարհներից մեկը։ Այս փաստը հարուցել էր սարիթաղցիների դժգոհությունը, որը հուլիսի 19-ին վերաճեց բախման՝ բնակիչների և ոստիկանների միջև։ Այս դատական գործի շրջանակում 4 քաղաքացի մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Մեղադրյալները, սակայն, իրենց մեղավոր չեն ճանաչում։

Դատախազի՝ արդեն երկրորդ անգամ դատարան չներկայանալու փաստը հարուցեց հարազատների վրդովմունքը․ դիտավորություն են տեսնում․ - «Գնում ենք դատախազություն: Ձե՞ռ են առնում ժողովրդին: Հերիք չէի անօրինական ձերբակալեցին, բանտարկեցին սաղին, հիմա էլ դատը անընդհատ հետաձգում են արհեստականորեն»:

4 մեղադրյալներից մեկի՝ Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանի կարծիքով դատախազը գուցե վատառողջ է կամ այլ պատճառներ կան, սակայն չներկայանալն ամեն դեպքում անհարգելի է։

«Եվ այսպես չի կարող շարունակվել, որովհետև մարդիկ կալանքի տակ են, ունենք միջնորդություններ դատական պրոցեսը պետք է շարունակվի, որ օր առաջ գոնե կալանավորվածները տեսականորեն հնարավորություն ունենան հայտնվել ազատության մեջ, բայց դատախազի չներկայանալը խոչընդոտում է: Իհարկե դատարանը խոստացավ ապահովել դատախազի ներկայությունը հաջորդ նիստին: Հուսանք այդպես կլինի», - ասաց փաստաբանը:

Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը դիմի Գլխավոր դատախազություն՝ հաջորդ նիստին մեղադրող կողմի ներկայությունն ապահովելու պահանջով:

«Կա անպատասխանատու վերաբերմունք գործի նկատմամբ, անձանց նկատմամաբ ակնհայտ անհիմն մեղադրանք առաջադրելուց շա արագ են գործում: Բոլորը տեղում ե, բոլորը ժամանակ ունեն: Իսկ երբ որ գալիս ա հրապարակային դատաքննության ժամանակը, անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերում՝ չմտածելով, որ անձինք գտնվում են կալանքի տակ»:

Լիպարիտ Սիմոնյանի պնդմամբ, իր պաշտպանյալն այժմ ապօրինաբար է անազատության մեջ գտնվում։ Սեպտեմբերի 25-ին լրացել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու երկամսյա ժամկետը։ Կալանքը երկարացնելու որոշում չի եղել։

Զեյթունյանի կինն արդար դատավարության հույս չունի։ Ամուսինն իր համոզմամբ անմեղ է․ - «Անօրինական երկրում ապրող մարդիկ ենք մենք: Ի՞նչ օրենք կա էստեղ, ում դիմե՞մ: Արդարադատություն կա՞ Հայաստանում»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG