Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Կարնեգի հաստատությունում ներկայացրել է Ղարաբաղի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանքները


Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանի հետ հանդիպմանը, որը վարել է Կարնեգի հաստատության փոխնախագահ Էնդրյու Վեյսը, ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, առաջատար վերլուծաբաններ, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անկախության հռչակումից ի վեր 25 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղին, մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը ամերիկյան առաջատար վերլուծաբաններին ներկայացրել է ապրիլին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը, ներկայացրել բանակցային գործընթացի առաջմղման շարունակելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերը:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին` Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներին, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությանը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, հայ-իրանական հարաբերություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG