Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Վրաստան


Այսօր մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Վրաստան, ապա՝ Ադրբեջան:

Վատիկանի պաշտոնական հաղորդագրությունը վկայում է, որ եռօրյա այցի ընթացքում Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրության կենտրոնում են լինելու հարաբերությունները կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև քրիստոնյաների ու մահմեդականների միջև:

Այցի առաջին օրը, մասնավորապես, Հռոմի պապը կհանդիպի ոչ միայն Վրաստանի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների, այլև տեղի ասորա-քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ:

Հաջորդ օրը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ կմատուցի Թբիլիսիի՝ Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որը նախատեսված է ավելի քան 27 հազար մարդու համար, ապա կմեկնի Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճար, որտեղ, ըստ ավանդության, թաղված են մասունքներ Քրիստոսի հագուստից:

«Պապի հիմնական ուղերձը կրկին խաղաղությունը կլինի», - ասել է Վատիկանի խոսնակը՝ մանրամասնելով. - «Քահանայապետը պատրաստվում է անդրադառնալ հատկապես Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքներին»:

Հաջորդ, առավել խրթին հարցը, կաթոլիկների հարաբերություններն են Վրաց ուղղափառ եկեղեցու հետ, հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրեսս»-ը՝ հիշեցնելով, որ 1999 թվականին, երբ Ջոն Փոլ Երկրորդն էր այցելել Վրաստան, կաթոլիկների ու վրաց ուղղափառների հարաբերություններն այնքան լարված էին, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը կոչ էր արել իր հոգևոր հոտին՝ չմասնակցել Պապի պատարագին:

Այս շաբաթ օրը անցկացվելիք կրոնական ծեսին, ակնկալվում է, որ ներկա կլինի նաև վրաստանյան եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը, ավելին, Իլյա Երկրորդը հայտարարել է, թե պատրաստվում է մեծ ուրախությամբ դիմավորել Ֆրանցիսկոս պապին:

Այդուամենայնիվ, ոչ բոլորն են Վրաստանում կիսում այս ոգևորությունը, անցած շաբաթ, օրինակ, «Ուղղափառ ծնողների միություն» պահպանողական կազմակերպության մի քանի տասնյակ անդամներ բողոքի ցույց էին կազմակերպել Թբիլիսիում Վատիկանի դեսպանատան մոտ՝ պնդելով, թե վրացի ուղղափառները կաթոլիկ պապի օրհնության կարիքը չունեն: Ավելի ուշ Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը դատապարտել էր ակցիան՝ խաղաղության կոչ անելով վրացիներին Պապի այցի ընթացքում:

Թբիլիսիում նաև քաղաքական ուղերձներ են ակնկալում Հռոմի պապից։ Անկախ փորձագետ Ռամազ Սակվարելիձեն, օրինակ, «Ասոշիեյթեդ Փրեսս»-ին ասել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցը, անշուշտ, դրական կազդի Վրաստանի վարկանիշի վրա՝ նպաստելով երկրի անդամակցությանը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:

Թեև ակնկալիքները մեծ չեն, բայց Թբիլիսիում չեն բացառում, որ Պապը նաև Հարավային Օսիայի ու Աբխազիայի մասին խոսի՝ օգտագործելով օկուպացիա եզրույթը: «Ես լավատես չեմ, սակայն նա Հայաստանում բարձրաձայնեց ցեղասպանության մասին, այնպես որ, այս պապի դեպքում, երբեք չես կարող ճշգրիտ կանխատեսում անել», - ասել է Վատիկանում Վրաստանի դեսպան Թամարա Գրձելիձեն:

Վրաստանյան երկօրյա այցից հետո Հռոմի Պապը կմեկնի Ադրբեջան, որտեղ մոտ տասը ժամ կանցկացնի՝ հանդիպելով նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի, Ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի հետ:

Մահմեդական երկրում Ֆրանցիսկոս պապը նաև պատարագ կմատուցի Բաքվի տաճարում, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցի երկրի անկախության համար զոհվածների հիշատակին:

Ավելի վաղ Հայաստան կատարած այցի ընթացքում հռոմի պապը խոսել էր ղարաբաղյան խնդրի ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին՝ խոստանալով այդ հարցը նաև ադրբեջանական կողմի հետ քննարկել:

«Երբ գնամ Բաքու, նրանց հետ կխոսեմ այն ճշմարտության մասին, որ տեսա և զգացի Հայաստանում, նրանց ևս հաշտության կքաջալերեմ, կոչ կանեմ գտնել ընդունելի ճանապարհներ: Կասեմ, ինչ սրտիս մոտ կլինի այդ պահին՝ հորդորելով գտնել լուծումներ, որոնց վրա կարելի է աշխատել ու առաջ գնալ», - հուլիսին Երևանից Հռոմի վերադառնալիս ասել էր Սրբազան Քահանայապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG