Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիում կորել է հավատը իշխանության նկատմամբ․ ՀԱԿ-ն ամփոփեց քարոզարշավը


Հայ ազգային կոնգրեսը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Ընտրի՛ր փոփոխությունը» կարգախոսով:

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր Գյումրիում հրավիրած հանրահավաքով ամփոփեց նախընտրական քարոզարշավը, որը գնահատեցին շատ արդյունավետ: Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը, ով Վանաձորից էր եկել հավաքին մասնակցելու, խոսեց և՛ Վանաձորում, և՛ Գյումրիում արձանագրած «օպտիկական ակնոց կամ թեյ օպերացիայից»:

«4 օր առաջ Գյումրիում էի, մի հոգի մոտեցավ, ասաց՝ համայնատիրությունները փող են փոխանցել իր խանութին և վերցրել են կտրոններ, էդ կտրոնները բաժանում են քաղաքացիներին, որ գնան ակնոց վերցնեն: 1000-դրամանոց ակնոց՝ կարևոր չէ՝ դու քոռ ես, ակնոց պետք է, պետք չէ: Սա խայտառակություն է, ժողովո՛ւրդ․․․ Սա և՛ խնդալու բան է, բայց նաև լաց լինելու բան է, որ կան մարդիկ, որոնք կարող են ստորացնել դիմացինին, ասեն՝ ես քեզ 1000-դրամանոց բան եմ տալիս, որը քեզ պետք էլ չի, բայց դու վերցրո՛ւ, արի ձայնդ տուր ինձ: Վանաձորում արդեն թեյի տուփեր, «Կոլա» էին բաժանում», - հայտարարեց պատգամավորը:

Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ միայն Գյումրիում 22 հազար ընտրող «Ո՛չ» է ասել իշխանություններին: Մանուկյանն ասաց՝ անընդունելի է համարում նաև շատ տարածված մի ընտրական, այսպես ասած, թեզ, թե՝ «գումար են բաժանում, վերցրու և ում ուզում ես ընտրիր»․ - «Եկեք էդ էլ չանենք, էլի, չի՛ կարելի»:

Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի ու Գյումրիի պատասխանատուները, ինչպես խոստովանեց Արամ Մանուկյանը, իրար հետ մրցում են, թե ով կհաղթի՝ Վանաձո՞րը, թե՞ Գյումրին․ - «Եկեք էս բարի մրցույթով, սիրելի գյումրեցիներ, Գյումրիում և Վանաձորում հաղթենք Հանրապետականին»:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իր խոսքը սկսեց՝ թվարկելով Գյումրիի այն թաղերը, որտեղ այցելել են քարոզարշավի ընթացքում: Մի բան փաստեց՝ որ ծայրաստիճան աղքատության պայմաններում մարդկանց մոտ կորել է հավատը:

«Ամենածանր պրոբլեմը ես որ հասկացա, Գյումրիում մարդկանց մոտ կորել է հավատը պետության, իշխանության նկատմամբ: Ոչ մեկին չեն հավատում: Ոչ միայն չեն հավատում, բոլորը կամ շատերը ասում են՝ որ ճար լիներ, մենք էլ կթողնեինք, կգնայինք», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակից 11 քաղաքական ուժերից միակն է, որի ցուցակը կին է գլխավորում: Եպրաքսյա Մեխակյանը խոսեց փոփոխություններից, որ գալով իշխանության՝ իրականացնելու են Գյումրիում:

«Փոփոխություն ենք ուզում, ու պիտի փոխենք ամենը, ինչը մեր սրտով չէ: Էս իշխանություններին ասելու ենք՝ ո՛չ: Բազմակի անգամ ցույց ենք տվել, որ մենք մերժում ենք այս իշխանություններին, որը մեզ մերժել ու արհամարհել է: Էդ մենք ենք ձեզ արհամարհում: Մենք գնում ենք իշխանափոխության», - հայտարարեց ՀԱԿ ցուցակը գլխավորող Մեխակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG