Մատչելիության հղումներ

Հանրային գերակա շահ ճանաչված Կոնդ ու 33 թաղամասի բնակիչներն այսօր երկու անգամ փակեցին Կառավարության շենքի հարակից փողոցները: Ոստիկանները Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհը փակած կանաց հրելով դուրս հանեցին փողոցից: Շուրջ 10 տարի առանց բնակարանի մնացած քաղաքացիներն ասում էին՝ այլ ելք չեն տեսնում՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար:

Բնակիչները պահանջում էին հանդիպում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բիզնեսին աջակցելու մասին հայտարարություններ անող վարչապետին հորդորում էին իրենց էլ ուշադրություն դարձնել՝ ընդգծելով, որ նա արդեն երրորդ վարչապետն է, ում փորձում են ներկայացնել իրենց խնդիրները: Պնդում էին, որ տարիներ շարունակ բազմաթիվ դռներ են թակել՝ ապարդյուն:

«10 տարի է․․․Ես չգիտեմ՝ որ օրենքով է, որ 10 տարի պետական գերակա շահ է ճանաչվում և չի լուծվում: Էդպիսի օրենք չկա: Էդտեղից հետևություն, որ տարածքներն էր պետք յուրացնել, ուղղակի էդ անվան տակ հանեցին բնակիչներին, գցեցին, տարածքները յուրացրել են, բայց բնակիչներին էլ չեն բավարարում», - ասաց 33 թաղամասի բնակիչ Օֆելյա Զաքարյանը:

33 թաղամասի բնակիչների խոսքով, 70 ընտանիք մինչ օրս պայքարում է իրենց բնակարաններին համարժեք բնակարան կամ փոխհատուցում ստանալու համար: Կոնդ թաղամասի ընտանիքները՝ շուրջ 2 հարյուր են: Նրանց խոսքով, կառուցապատողները, ում հետ պայմանագիր են կնքել, պատշաճ չեն կատարում պարտավորությունները՝ կամ շենքը չեն կառուցել, կամ այն կիսակառույց է, կամ փոխհատուցումը բավարար չէ:

«Ոչ տունը կա, ոչ տեղը կա, ոչ գումարը կա: Խելք ունենայիք, չկապեիք: Ձեզ չի հասնում», - տարբեր կառույցներից ստացած պատասխանները փոխանցեց Կոնդ թաղամասի բնակչուհի Ալլա Համբարձումյանը:

«Մենք ուզում ենք, որ էս նոր կառավարչությունմի որոշում հանի, որ մեզ կոմպենսացիա տան համապատասխան գներով, որ մենք կարողանանք տուն առնենք: Պահանջում ենք, որ վարչապետը մեզ ընդունի: Գուցե նա մի որևէ բան մեր կյանքում փոխի: Տասը տարի իմ կյանքից կերան սրանք, տասը տարի․․․էս կառավարությո՞ւն ա», - ասաց բնակիչներից Անահիտ Ղազարյանը:

Հին պահանջներով նոր վարչապետին էին այսօր դիմում նաև «Նաիրիտ»-ի աշխատակիցները: Գործարանում շուրջ 40 տարի աշխատած Նորիկ Ղահրամանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ աշխատավարձի համար իրենց պայքարը արդյունք տվեց, այն վճարվեց: Հիմա էլ պահանջում են վերագործարկել քիմիական հսկան, վճարել աշխատավարձերի չվճարման հետևանքով գոյացած տոկոսները:

«Էս վարչապետը եթե լավ լինի, որոշումը կայացնի, մեղավորներին պատժի, էս դրոշակը վայր եմ դնում, մայկաս հանում եմ, գնում եմ ցեխ, սպեցովկաս հագնում եմ, գործիքները վերցնեմ, կաուչուկ արտադրեմ մեր Հայաստանի հանրապետությունը հզորացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի աշխատակիցը:

Նաիրիտցիներին արձագանքեցին Էներգետիկայի ու բանական պաշարների նախարարությունից՝ խոստանալով վաղը հանդիպել վերագործարկման հարցը քննարկելու համար: Գերակա շահի զոհ դարձած բնակիչներին վարչապետը խոստացել է ընդունել մեկ շաբաթից:

«Արդեն էստեղ ենք մնալու, նստացույց ենք անելու, որ գոնե մի պատասխան իմանանք, արդեն հոգնել ենք», - ասաց 33 թաղամասի բնակիչ Օֆելյա Զաքարյանը:

XS
SM
MD
LG